Ըմբիշ Միհրան Հարությունյանը Եվրոպական խաղերին մասնակցությունը համարում է քայլ դեպի Օլիմպիական խաղեր
ՍպորտԱռաջին Եվրոպական խաղերում Հայաստանի առաջին մեդալակիր Միհրանի Հարությունյանը փոխանցել է իր տպավորությունները Բաքվի Եվրոպական խաղերի մասին:
«Այստեղ վերադառնալով՝ հպարտությամբ եմ լցվում. տեսա, թե ինչպես է իմ ազգն ինձ դիմավորել: Այս ամենն արժանի էր այն ամենին, ինչի միջով անցանք Բաքվում: Եթե ևս մեկ հնարավորություն տվեր, գուցե նորից կգնայի այնտեղ: Բաքվում, իհարկե, հոգեբանորեն դժվար էր: Ես արդեն պատրաստ էի գնացել: Ամբողջ պատվիրակությունը գովեստի է արժանի: Մենք միասնական էինք այնտեղ: Ամբողջ դահլիճն էր գոռում, սուլում, իսկ ես միշտ նրանց ժպտում էի: Նույն զայրույթը չէի զգում նրանց նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հարությունյանը:
Նա ափսոսանք հայտնեց, որ իրենց չհաջողվեց ոսկե մեդալ նվաճել: «Ես դեռ աշխատելու տեղ ունեմ: Առջևում աշխարհի առաջնությունն է, ինչու չէ, Օլիմպիական խաղերը. սա մի քայլ էր դեպի այդ խաղերը»,- ընդգծեց նա:
Առաջին Եվրոպական խաղերը անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում 25 մարզիկով ներկայացված է 6 մարզաձևում: