Մեկնարկել է «Ո՛չ թալանին» նախաձեռնության խմբի բողոքի երթը
ՀասարակությունԻնչպես նախապես հայտարարվել էր «Ո'չ թալանին» նախաձեռնության անդամների կողմից, այսօր` հուլիսի 14-ին, պետք է տեղի ունենար բողոքի երթ՝ կապված Բաղրամյան պողոտայում խաղաղ նստացույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը, հավաքվածների պահանջն է պատժել հունիսի 23-ին բռնություն իրականացրած ոստիկաններին: Ստորեւ ներկայացնում ենք «Ո'չ թալանին» նախաձեռնության խմբի հայտարարությունը.
«Հարգելի քաղաքացինե՛ր, մենք այսօր այստեղ ենք հավաքվել քննադատելու խաղաղ ցուցարարների հանդեպ իրականացված բռնությունը: Դուրս է գալիս, որ խաղաղ ցուցարարներին կարելի է պատժել, ծեծել, հասցնել մինչեւ վերակենդանացման բաժանմունք եւ վերջում պարզապես ստանալ խիստ նկատողություն: Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է երաշխավորում, որ նույնը չի կրկնվի, ո՞վ է պատասխան տալու այդ անօրինականությունների համար, ո՞վ է պատժելու անհամաչափ ուժ կիրառելու հրաման տվողներին:
Այս հարցերի պատասխանները մենք չունենք: Եթե նման անտարբերություն դրսեւորվի, սա կբերի Բաղրամյան փողոց կրկին այցելության՝ մեր հարցերի պատասխանները ստանալու եւ մեր պահանջները բավարարելու եւ կատարված տեսնելու համար: Այս հարցը մեզ համար նույնքան կարեւոր է, որքան հոսանքի հարցը: Հասել ենք այնտեղ, որ լրագրողի վզից բեյջ են պոկում, շպրտում, տեսախցիկ են ջարդում, մարդկանց խփելով տանում են քաղմաս: Այդ ամենն արվում է բարձրաստիճան ոստիկանների ներկայությամբ եւ ցուցումով:
Միջազգային հանրությունը մեզ սկսել է համեմատել Ադրբեջանի հետ: Բաքվում էլ են նման կերպ վարվում լրագրողների եւ քաղաքացիական ակտիվի հետ: Ի վերջո, մենք մի օր դառնալո՞ւ ենք պետություն, թե այդ բառը պարզապես կմնա թղթի վրա: Ովքե՞ր են ոստիկանի համազգեստով այդ խուժանները, ովքե՞ր են քաղաքացիական հագուստով սրիկաները, ովքեր,17 տարեկան աղջկան հայհոյելով, փողոցով քարշ տալով տանում են ու շպրտում մեքենաները:
Մի՛ սարքեք երկիրը «բեսպրեդել», կյանքը բումերանգ է: Հարգելի՛ ոստիկաններ, թող որ ձեր երեխաները չամաչեն ձեր արարքների համար: Այս իշխանության ցանկությունն այն է, որ ոստիկան-ցուցարար հարաբերությունները լարվեն, ստեղծվի ատելության մթնոլորտ, որ ոստիկանի միջոցով զսպեն իրենց դեմ դուրս եկած դժգոհությունը, գցեն ոստիկանի հեղինակությունը հասարակության առջեւ, որովհետեւ նրանք վտանգ են զգում, երբ տեսնում են ոստիկան-քաղաքացի փոխադարձ հարգանքը՝ մտածելով, որ մի օր ոստիկանը չի կատարի նրանց ապօրինի որոշումը: Դրա համար են նրանք ստեղծում այս վիճակը:
Կոչ ենք անում ոստիկաններին չտրվել այդ սադրանքներին: Միաժամանակ կոչ ենք անում քաղաքացիներին անկախ ամեն ինչից հարգել ոստիկանին, խոսել նրանց հետ քաղաքավարի: Մենք հետեւողական ենք լինելու: Գործ հարուցելու համար կան փաստեր, տեսանյութերի մեջ հստակ երեւում են նրանց գործողությունները»: