Ինչո՞ւ է Վրաստանը հրաժարվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
ՔաղաքականՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր պաշտոնական հայտարարություն է արել այն մասին, որ Վրաստանը մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին:
Թեպետ տվյալ երկրում ժամանակ առ ժամանակ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ տարբեր ալիքներ են բարձրանում, այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ ավելի քան մեկ տարի առաջ` 2014 թվականի հունիսի 23-ին, Վրաստանը միացել է ՌԴ-ի դեմ Եվրամիության հաստատած 15 պատժամիջոցներից միայն մեկին:
Թե որն է Վրաստանի` Ռուսաստանի հետ հարաբերությունները հնարավորինս լավ պահելու պատճառը, Orer.am-ը ճշտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանից.
«Վերջին շրջանում Վրաստանի նոր իշխանությունները կառուցողական երկխոսության արդյունքում կարողացել են վերականգնել ու որոշակի չափով նաեւ զարգացնել Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները: Հենց այս հարաբերությունների հաստատման եւ գրանցված առաջընթացի համատքեստում եմ գնահատում այս հայտարարությունը, քանի որ Վրաստանի համար շատ էական ու կարեւոր է ռուսական շուկան, եւ, ինչու ոչ, ռուսական շուկայով հանդերձ՝ արդեն Եվրասիական միության շուկան: Հետեւաբար, եթե Վրաստանն ակտիվություն ցուցաբերի հակառուսական պատժամիջոցների հարցում, ապա կզրկվի այդ մեծ շուկայից»:
Պատգամավորը նաեւ հավելեց. «Հաշվի է պետք առնել այն, որ Վրաստանն ունի գյուղատնտեսական մեծ արտադրանք, հանքային ջրեր եւ այլն: Այս պարագայում վրացական բրենդային ապրանքների իրացման շուկան եղել է եւ կմնա ռուսական շուկան: Այս ամենը հաշվի առնելով՝ Վրաստանը զգուշավորություն, քաղաքական հեռատեսություն ու հնարամիտ դիվանագիտություն է կիրառում` չփչացնելով երկու երկրների միջեւ ձեւավորված առեւտրատնտեսական հարաբերությունները»:
Հարցին` եթե Վրաստանը չմիանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ապա քաղաքական ինչ հարված կարող է ստանալ եվրոպական կառույցների կողմից, Շիրակ Թորոսյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ Վրաստանը դրա համար որեւէ հարված չի ստանա, իհարկե, Արեւմուտքը` հատկապես ԱՄՆ-ն, մեծ ցանկություն ունեն, որ եւս մեկ երկիր ավելանա ռուսական պատժամիջոցներին, սակայն նրանք Վրաստանի դիրքորոշմանն, ըստ իս, ըմբռնումով են մոտենում, որովհետեւ լինելով Վրաստանի բարեկամը՝ Արեւմուտքը եւ ԱՄՆ-ն քաջ գիտակցում են, որ Ռուսաստանի հետ հակադրվելու դեպքում Վրաստանը մեծ վնասներ կկրի, որոնք Արեւմուտքը չի կարող փոխհատուցել»:
Սոսե Չանդոյան