Չհամարձակվե՛ք բիրտ ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ. Արման Վարդանյան
ՀասարակությունՎերջին օրերին Հայաստանում և սփյուռքում խաղաղ բողոքի ակցիաները ողջունելի են և արդեն իսկ լուրջ հաջողություն են արձանագրել:
Հորդորում եմ Հայաստանի իշխանություններին՝ դուրս գալ իրենց վիրտուալ իրականությունից, մի կողմ նետել վարդագույն ակնոցները և օբյեկտիվ դատողությամբ վերլուծել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:
Աննախադեպ այս բողոքի ակցիաները, երիտասարդության համախմբվածությունն ու վճռականությունը թելադրում են իրենց քաղաքական կամքը, որի հետ պետք է իշխանությունները հաշվի նստեն:
Կազմակերպված երթերը, ցույցերը քաղաքացիների ազատ կամարտահայտման եղանակներից են, որոնց ժամանակ չի՛ խախտվում օրենքը, չի՛ խախտվում այլոց շահը, հետևաբար, կոչ եմ անում իշխանություններին՝ չհամարձակվե՛լ բիրտ ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, քանի որ նրանց պահանջն արդարացի է և իրական սերնդափոխության արդյունք:
Այս մեթոդով և եռանդով շարունակելու դեպքում երիտասարդներն ունակ են հասնելու հաջողության, ինչն այս պահին առաջնային է հայ ժողովրդի բարեկեցության և մեր պետության զարգացման ու ամրապնդման համար:
Ի վերջո, այսպես շարունակել այլևս անհնար է, հերթը նոր սերնդին է, նոր մտածողությամբ երիտասարդներինն է, քանի որ 90-ականներին բնորոշ մտածելակերպով այլևս անհնար է երկիրը կառավարել:
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան