Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Տավիղը համարվում է ամենահին լարային կսմիթային երաժշտական գործիքներից մեկը, եթե ոչ ամենահինը: Այն ունի ձգված լարերով եռանկյունաձև աղեղի տեսք, որոնք նվագելիս ներդաշնակ մեղեդի են արձակում: Լեգենդի համաձայն, տավիղն իր առաջացմամբ պարտական է որսորդական աղեղին: Երբ մարդը քաշել է աղեղնալարը, այն յուրահատուկ ձայն է հանել, ևս մեկ աղեղնալար քաշելով՝ հնարավոր է եղել նվագել փոքրիկ մեղեդի: Աղեղանման տավիղի առաջին պատկերները կան հին եգիպտական քարանձավային նկարներում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2800-2300 թվականներով: Տավիղի նման պատկերներ կան գրեթե չորս հազար տարվա պատմություն ունեցող հին Միջագետքի Ուր քաղաքում, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ:
Այդ գործիքը տարածված է եղել հույների, հռոմեացիների և այլ ժողովուրդների մոտ: Քնարը տավիղի քույրն է, որը հանրահայտ է եղել հին Հունաստանում: Այդ ժամանակների նկարների և քանդակների մեջ կարելի է տեսնել, որ քնարը սիրված է եղել բազմաթիվ բանաստեղծների և երգիչների կողմից: Քնարը, որը աշխարհի գրեթե բոլոր էթնիկ խմբերի կողմից է օգտագործվել, հանդիսանում է տավիղի ավելի փոքր և թեթև տեսակը: Եվրոպայում տավիղները հայտնվել են 8-րդ դարում, սակայն ամենամեծ տարածումը ձեռք են բերել միայն 15-17-րդ դարերում: Հին տավիղները կամարաձև կամ անկյունային էին և տարբերվում էին իրենց չափերով: Հատկապես տարածված են եղել կելտերի կողմից սիրված ձեռքի փոքր տավիղները: Հինգ օկտավա է եղել այդ գործիքի ձայնային տիրույթը, իսկ լարերը այնպես են դասավորված եղել, որ հնարավոր է եղել ստանալ միայն դիատոնիկ սանդղակի հնչյուններ:
1660 թվականին Ավստրիայում հայտնագործվել է կարգավորվող ստեղների տեսքով մեխանիկական սարք, որը հնարավորություն է տվել լարերը ձգելով կամ թուլացնելով փոխել ձայնի տոնայնությունը: Իսկ լարերը կարճացնելու համար պետք չէր մատներ օգտագործել, դրանցից յուրաքանչյուրի մոտ կեռիկներ են եղել, ինչը նպաստել է տոնայնության բարձրացմանը: Սակայն նման մեխանիզմը հարմար չի եղել, և 1720 թվականին գերմանացի վարպետ Յակոբ Հոխբրուկերը հայտնագործել է տավիղը կատարելագործող մեխանիզմ: Դրանք յոթ ոտնակներ են, որոնք հետագայում հասցվել են 14 -ի: Ավելի ուշ՝ 1810 թվականին, ֆրանսիացի արհեստավոր Սեբաստիան Էրարդը արդիականացրել է Հոխբրուկերի մեխանիզմը և արտոնագրել երկոտնակ տավիղը, որն օգտագործվում է մինչ օրս:
Մեխանիզմը, որը կատարելագործվել է Էրարի կողմից, ապահովել է գրեթե յոթ օկտավայի սանդղակ: Գ. Լիոնը Փարիզում 1897 թվականին հորինել է տավիղի ոտնաթաթի տարբերակը: Խոսքը խաչաձև լարերի մասին է, որոնք կրկնապատկվել են ոտնակների վերացման պատճառով: Լարերի երկրորդ հավաքածուն նոր հնչողություն է հաղորդել գործիքին: Դրա շնորհիվ էլ գործիքը համբավ է ձեռք բերել, չնայած շուտով այն սկսել են ավելի ու ավելի քիչ օգտագործել: 20 -րդ դարում տավիղը հատուկ դեր է խաղում մենակատար կամ խմբային երաժշտության մեջ: Ներկայում անհնար է գտնել կոմպոզիտոր, որի ստեղծագործություններում չեն օգտագործվում տավիղի հնչյունները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում