Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան
AnalysisՓաստենք, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձրել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը։
Այս մասին «ՀՀ-ի մարտահրավերները և դրանք հաղթահարման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․
«Երեք տասնամյակ մենք հանգիստ, խաղաղ ապրում էինք, որովհետև Արցախը իր հարակից տարածքներով անառիկ դարպաս էր, բայց սխալ քաղաքականության արդյունքում մենք կորցրինք այն։ Կորցրեցինք մեր ստրատեգիական խորքը, ՀՀ-ն իր սահմաններով դարձավ խոցելի ու դրա վառ ապացույցն այն է, որ ադրբեջական ուժերը մխրճվել են Հայաստանի տարածք, Տավուշի 4 գյուղերը վտանգի տակ են։ Բանակցություններում ևս Արցախի հարցի գոյությունը կարող է ապահովել բանակցային խորք։ Երբ ՀՀ իշխանություննները արհամարհում են բանակցային խորքը, համարում են դա փակված, իրենց թվում է, թե դա ապահովելու է Հայաստանի անվտանգությունը, բայց դա այդպես չէ։ Իշխանությունները այս հանգամանքը չէին հասկացել դեռ 2018 թ-ից։ Ես չեմ հիշում բանակցային մի դրվագ, որ 2018-ից հետո հայկական կողմը օրակարգ ներմուծեր հայկական շահերից բխող ինչ-որ հարց, միշտ քննարկել են Ադրբեջանի թելադրած օրակարգը»,- ասաց նա։
Օսկանյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի առաջին սխալը եղել է Մադրիդյան սկզբունքների փաստաթղթից հրաժարվելը և բանակցությունները «զրոյական» կետից սկսելը։ Հաջորդ սխալը նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունից շեղվելն էր․
«Պրահայում, երբ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, մեր բոոր հնարավորությունները փակվեցին ու բոլոր միջնորդների հնարավորությունները սպառվեցին։ Այսօր ռեալ խնդիր է արցախահայերի՝ իրենց բնակավարեր վերադարձնելու խնդիրը։ Այսօր չպետք է մոռանանք Արցախի հարցը ու սա ոչ միայն բարոյական, ազգային խնդիր է, սա նաև տարածքների խոցելիությունը թուլացնելու ճանապարհ է։
Արցախի հարցը մեր օրակարգում պետք է լինի, պետք է խոսել, որ այն մոռացված չէ։ Իսկ ովքեր փորձում են համոզել մեր ժողովրդին, որ Արցախի հարցը բարձացնելով վտանգում ենք Հայաստանը և հնարավոր է պատերազմ լինի, նրանք տգետ են ու դիվանագիտական անմեղսունակներ։ Ընդհակառակը այս հարցի ներմուծումն է նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- ասաց Վարդան Օսկանյանը։