Պետական համակարգի ճգնաժամը. ինկվիզիցիան վերադառնում է
АналитикаՄիջնադարյան Եվրոպայում, երբ հասարակական, քաղաքական ու տնտեսական ճգնաժամ էր, միապետներին օգնության հասավ Հռոմի պապը: Պապը, բացի հոգևոր առաջնորդ լինելուց, նաև լուրջ քաղաքական դեմք էր, որն ուներ հսկայական ազդեցություն: Մարդկության կառավարիչները, քաղաքական համակարգի բացերը ծածկելու համար, մեկ անգամ չէ, որ դիմել են հոգևոր ոլորտի օգնությանը: Հոգևորականները հայտնվում են հենց այն ժամանակ, երբ առաջ է գալիս քաղաքական ու տնտեսական ճգնաժամ:
Նրանք ամենատարբեր հնարքներ կիրառելով՝ մանիպուլացնելով, սեր քարոզելով, աստծո անունը շահարկելով, վախեցնում են մարդկանց, շեղում են գործընթացներից ու պարտադրում են այլ իրականություն: Այդպես վարվեց Հռոմի պապ Ուրբանոս Երկրորդը, ով կոչ արեց հավատացյալներին սրբազան պատերազմ սկսել ու ազատագրել Տիրոջ գերեզմանն անհավատներից: Բնական է, որ պապի կոչն անարձագանք չմնաց: Սկզբնական փուլում, այդ արշավանքներին մասնակցում էին աղքատ գյուղացիները, որևէ ժառանգություն չստացած ասպետները և այլք: Նրանք վտանգավոր էին, եթե մնում էին իրենց երկրներում:
Ավելի ուշ փուլում արդեն, հանդես եկավ ինկվիզիցիայի դատարանը, որի արդյունքների մասին գիտենք: Հիմա նույնը տեղի է ունենում Հայաստանում: Իհարկե, մենք միջնադարում ենք և հատկապես օրվա գաղափարախոսությունների առումով: Ինչպես հայտնի է, Հայաստանում այս օրերին նշում են Սուրբ Սարգսի տոնը: Չխորանաք այն գաղափարի մեջ, թե ընդհանրապես ով էր Սուրբ Սարգիսը և ինչ կապ ուներ մեր՝ հայերիս հետ: Ուզում են, թող նշեն, շատ լավ են անում:
Սակայն շատ վատ է, երբ այդ տոնին, շարքով կանգնեցրած ոստիկաններ ու զինվորներ են տանում: Սա արդեն գաղափարական բռնության գագաթնակետն է: Ոստիկանի խնդիրն է պահել հասարակական կարգը, բացահայտել ու ձերբակալել հանցագործներին և այլն: Բայց երբեք նրա պարտականությունների մեջ չի մտնում, իր վերադասի հրամանով, շարք կանգնել ու մասնակցել եկեղեցական տոնին: Եթե ոստիկանը մեծ ցանկություն ունի մասնակցելու այդ տոնին, թող դա անի իր ազատ ժամանակից դուրս: Իհարկե, այդքան միամիտ չենք, որպեսզի կարծենք թե ոստիկանները դա անում են իրենց կամքով: Պարզապես, նրանց վերադասներից շատերը, որոնք այսօր, այս իշխանությունների այլ ոչ թե ՀՀ քաղաքացու սպասարկողներն են, բարեպաշտի դիմակի տակ թաքցնում են իրենց իրական հրեշի տեսակը:
Վահրամ Թոքմաջյան