Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ դասախոսություններով հանդես կգան Հայաստանում
ՀասարակությունՀինգ նոբելյան մրցանակակիր, հետաքրքիր դասախոսություններ, քննարկումներ. «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը հավակնում է դառնալ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանավոր գիտական իրադարձություններից:
«Նոբելյան օրեր Երևանում»նախաձեռնության համակարգող խմբիղեկավար Կոնստանտին Ենկոյանըմիջոցառման մեկնարկին նվիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ Հայաստանում կանցկացվի աննախադեպ միջոցառում: «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման կարգախոսն է «Ոգեշնչվիր և ստեղծիր»:
«Մեկ հարկի տակ հյուրընկալում ենք միաժամանակ հինգ նոբելյան մրցանակակրի: Սա աննախադեպ է, քանի որ շատ երկրներ չեն կարող հպարտանալ, որ մեկ հարկի տակ կարող են այդքան մրցանակակիր միավորել: Միջոցառման հիմնական թիրախն ուսանողներն են, սակայն մենք փորձեցինք ներգրավվել նաև աշակերտներին: Համոզված ենք, որ գիտության նկատմամբ սերը պետք է առաջանա դպրոցական նստարանից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Կոնստանտին Ենկոյանը:
Կոնստանտին Ենկոյանի տեղեկացմամբ` գիտական իրադարձության շրջանակում հանդիպում կկազմակերպվի նաև աշակերտների հետ: «Հինգ դափնեկիրները ներկայացնում են բժշկագիտության, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի ոլորտները»,-շեշտեց նա:
ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը կարևորեց «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման անցկացումը:
«Մեր հյուրերը` նոբելյան դափնեկիրներն արդեն այստեղ են: 5 դափնեկիր ապրիլի 12-ից սկսելու են հանդես գալ դասախոսություններով: Դրանք վերաբերելու են այն ուղղություններին, որոնցում բարձր արդյունքների համար գիտնականներն արժանացել են Նոբելյան մրցանակների»,-նշեց նա:
ԵՊԲՀ ռեկտորի տեղեկացմամբ`նոբելյան մրցանակակիրներից Աարոն Չիխանովերը 2010 թվականին արդեն եղել է Հայաստանում:
«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը տեղի կունենա ապրիլի 12-15-ը: Այն անցկացվում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ և տարածաշրջանի փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև ուսանողներին հնարավորություն է տալու կենդանի շփում ունենալ գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած անհատականությունների հետ: Մասնակիցներն են Նոբելյան մրցանակակիրներ Աարոն Չիխանովերը, Էյ-Իշի Նեգիշին, Դեն Շեխտմանը, Ադա Յոնաթը, Ջոն Ուորենը: