Orer.am-ի ահազանգի պատասխանը՝ առանց մեկնաբանությունների
ՀասարակությունOrer.am-ն ավելի վաղ անդրադարձել էր խմբագրություն դիմած մի խումբ ուսուցիչների բողոքին: Նրանք տեղեկացնում էին, որ Երևան քաղաքի հիմնական դպրոցներում ուսուցիչներին պարտադրում են 2000 դրամով Արցախի ազգային վիճակախաղի տոմս գնել:
Հարցը պարզաբանելու համար Orer.am-ը դիմեց ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թեժ գծին»՝ պարզելու, թե ուսուցիչներից նման ահազանգ ստացել ե՞ն, թե՞ ոչ: «Թեժ գծից» տեղեկանալով, որ նման ահազանգ չի գրանցվել, մեզ առաջարկեցին ուսուցիչների կողմից մեզ ուղղված բողոքը գրանցել մեր թղթակցի անվամբ: Քանի որ մայրաքաղաքի հիմնական դպրոցները գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո, մեր թղթակցի անվամբ գրանցված բողոքն ուսումնասիրելու և դրան պատասխանելու նպատակով այն փոխանցվել էր քաղաքապետարանի Հանրակրթության վարչությանը:
Տեղեկացնենք, որ օրենքով սահմանված ժամկետում Orer.am-ը ստացավ նշված վարչության պատասխանը, որը ներկայացնում ենք առանց կրճատումների, իսկ հետևությունները թողնում ենք ընթերցողներին.
«Ի պատասխան ՀՀ կրթության և գիտության «Թեժ գիծ» հեռախոսահամարով ստացված ահազանգի, որ Երևանի դպրոցների տնօրենների կողմից ուսուցիչներին «շարունակաբար Ղարաբաղի լոտոներ» են պարտադրում գնել, տեղեկացնում ենք, որ Արցախի Ազգային վիճակախաղի տոմսերը իրացվել են Հայաստանի, Արցախի տարբեր հիմնարկներում նաև սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կողմից կամավորության սկզբունքով: Վիճակախաղից ստացված ամբողջ հասույթն ուղղվում է Լեռնային Ղարաբաղի վերաբնակեցման պետական ծրագրի իրագործմանը»:
Արմինե Գրիգորյան