Արտանիշում հայտնաբերված գերեզմաններն ու կմախքները կարող են պատկանել հունական համայնքին
SocietyԳեղարքունիքի մարզում վերջերս շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված գերեզմանները վերաբերում են քրիստոնեական դարաշրջանին եւ մշակույթին:
Ինչպես հաստատեց հայտնի հնագետ, ՀՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սիմոն Հմայակյանը, գերեզմաններում հայտնաբերված կմախքները կարող են վերագրվել քրիստոնեական դարաշրջանին, քանի որ կմախքներից զատ ա յլ նյութեր թաղված չեն եղել հանգուցյալների հետ:
«Նախաքրիստոնեական դարաշրջանում թաղումների ժամանակ հանգուցյալների հետ թաղել են զենքեր, զարդեր, կավե ամաններ, սնունդ, մինչդեռ քրիստոնեական մշակույթը նման սովորույթներից զերծ է»,- նշեց Սիմոն Հմայակյանը, հավելելով, որ ինքն առաջարկել է համայնքի ղեկավարին՝ դուրս բերված կմախքները թաղել գերեզմանոցի մի անկյունում՝անհրաժեշտության դեպքում այն ուսումնասիրելու նպատակով:
Իսկ տարեց արտանիշցիներն էլ կարծիք հայտնեցին, որ հայտնաբերված ոսկորները պատկանում են տեղացի նախկին հույն բնակիչներին, որոնց գերեզմանոցը գտնվում է հենց նույն ճանապարհի մի եզրում, որտեղ իրականացվել են շինարարական աշխատանքները:»Հույներն այստեղ ապրել են ավելի վաղ, քան թյուրքալեզու բնակիչները: Նրանց գերեզմանների մեծ ու անտաշ քարերը հիմա էլ մնում են նույն ճանապարհի եզրում: Բացի այդ, մահմեդականները հանգուցյալին թաղում են նստած վիճակում, մինչդեռ կմախքները գտնվել են պառկած վիճակում: Չի բացառվում, որ գտնված կմախքները պատկանելիս լինեն հու նալեզու բնակիչներին, որոնք Արտանիշում ապրել են մի քանի հարյուր տարի առաջ»,-նշեց համայնքի ղեկավար Կարեն Շուշանյանը:
Ըստ գյուղապետի հաղորդած տեղեկության՝ հողի տակից դուրս բերված ոսկորներն ամփոփվել են Արտանիշի գերեզմանոցի առանձին անկյունում: