Հայաստանը պետք է ճիշտ քաղաքականություն վարի, որ ռուս-թուրքական հարաբերությունները մեզ վրա չազդեն. Թեւան Պողոսյան
ПолитикаԻնչպես հայտնում է ORER.am-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին, նշեց. «Երբ ռուս-թուրքական հարաբերությունները սկսեցին վատանալ, այն ժամանակ հարցնում էին՝ ի՞նչ է տալու մեզ դա. ես միշտ էլ ասել եմ, որ ուշ թե շուտ երկու մեծ երկրները գտնելու են հարաբերությունները բարելավելու ուղիները, եթե կկարողանանք օգտվել այդ վատացումից, շատ լավ, եթե չենք կարողանալու օգտվել, պետք է ամեն ինչ անենք, որ, երբ գա հարաբերությունների լավացման ժամանակը, դա չլինի մեր հաշվին»:
Ըստ պատգամավորի՝ մենք պետք է ճիշտ քաղաքականություն վարենք, որպեսզի նրանց հարաբերությունները մեզ վրա չազդեն, իսկ ռուս-թուրքական հարաբերությունների լավ կամ վատ լինելը կապ չունի Ադրբեջանի գործողությունների հետ. «22 տարի է՝ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների, ու ապրիլյան դեպքերը չէի կապի ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության հետ, քանի որ այդ 22 տարիների ընթացքում էլի է եղել ռուս-թուրքական հարաբերությունների սրում ու բարելավում: Ադրբեջանը, երբ զգա, որ ինչ-որ չափով ուժեղ է, ռազմական գործողություններ է իրականացնելու»:
Խոսելով նաեւ արդեն իսկ ընդունված ՀՕՊ համաձայնագրի մասին՝ նա նշեց. «Անձամբ ես դեմ եմ քվեարկել, չնայած կողմնակից էի, որ այս պայմանագիրը Հայաստանին շատ ու շատ հնարավորություն է տալիս: Բայց ես հարցեր էի բարձրաձայնել, որոնց պատասխանն այդպես էլ չստացա: Պայմանագրում մենք գրեցինք հնարավորությունների մասին, բայց արդյո՞ք կարողանալու ենք օգտվել այդ հնարավորություններից:
Այդ զգացողությունն ինձ մոտ այդպես էլ չձեւավորվեց: Կյանքը ցույց է տալիս, որ ունենք հայ-ռուսական պայմանագիր, որի շատ կետեր այդպես էլ կյանքի չկոչվեցին: Նրանք կա՛մ չունեն հարցի պատասխանը, կա՛մ չեն ցանկանում դրա մասին խոսել: Եթե չեն ցանկանում դրա մասին խոսել, ես էլ չեմ կարողանում կողմնորոշվել: Եթե չունեն հարցի պատասխանը, դա էլ բացասական երեւույթ է»:
Սոսե Չանդոյան