Ակտիվ պայքար է սկսվում չափանիշներին չհամապատասխանող գունամշակված դիմապակիով երթևեկող վարորդների դեմ
Հասարակություն«Մենք վարորդներին տալիս ենք 12 օր ժամանակ, որպեսզի իրենք մեքենայի դիմապակին համապատասխանեցնեն սահմանված չափանիշներին: Սեպտեմբերի 12-ից մենք սկսելու ենք արձանագրություն կազմել այն վարորդների նկատմամբ, որոնք կերթևեկեն ոչ գործարանային տեսքի գունամշակված դիմապակիներով»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Ինչպես նա նշեց, որևէ գործարան ստանդարտի խախտումով գունամշակված դիմապակիով ավտոմեքենա չի արտադրում:
«Բոլոր այն դիմապակիները, որոնք գունամշակված են, դրանք գործարանային չեն: Սեպտեմբերի 10-ից մենք սկսելու ենք արձանագրել նաև դա: Առաջին փուլով մենք վարչարարություն սկսեցինք թաղանթապատված դիմապակիներով մեքենաների վարորդների նկատմամբ: Համարում ենք, որ առաջին փուլն արդեն իսկ ավարտված է, քանի որ շատ դժվար է այսօր գտնել մեքենա, որի առջևի ապակին թաղանթապատված կլինի: Երկրորդ փուլով վարչարարություն ենք սկսում գունամշակված դիմապակիներվ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ, որովհետև վիճակագրություն ցույց տվեց, որ դա վտանգավոր է և բազմաթիվ վթարներ և վրաերթեր տեղի են ունեցել վարորդի վատ տեսանելիության հետևանքով»,- ասաց Նորիկ Սարգսյանը՝ հավելելով, որ ցանկացած մեքենայի դիմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս։