Տեղի ունեցավ «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի պաշտոնական բացումը
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի պաշտոնական բացումը: Այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:
Համերգային ծրագրերով հանդես եկան երաժիշտ-կատարողներ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից: Հանդես եկան «Հովեր» կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ս. Հովհաննիսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ռ. Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Թոփիկյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Չեքիջյան), Անահիտ Պապայանը (սոպրանո), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Իրինա Զաքյանը (սոպրանո):
Կոմիտասի ստեղծագործությունները հնչեցին սոսկ բնագրային տարբերակով՝ առանց որևէ մշակման: Կազմակերպիչներն ընդգծեցին՝ բնագրային տարբերակով Կոմիտասի ստեղծագործությունները ներկայացնելը սկզբունք է:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի խոսքով՝ գիտաժողով-փառատոնն աննախադեպ իրադարձություն է կոմիտասագիտության և հայկական երաժշտության ուսումնասիրության պատմության մեջ՝ ծրագրային հագեցվածության, զեկույցների և միջազգային հեղինակավոր գիտնականների ներգրավվածության առումով:
«Արդեն ավանդույթ դարձած Կոմիտաս փառատոնը միջազգային ձևաչափ ունի: Փառատոնի միջազգայնացումը կարևոր է այնքանով, որ լայն շրջանակներին ներկայանում ենք մեր մշակույթով:
Օրինաչափ է, որ Կոմիտասի կյանքի օրոք եղել է միջազգային ձևաչափ և ինքը նույնպես հայ մշակույթը ներկայացրել է արևմտաեվրոպական և մնացած այլ երկրների ուշադրությանը: Այսօր էլ, ընդլայնելով փառատոնի շրջանակը, մենք ընդգրկում ենք երաժիշտներ, գիտնականներ՝ հանրահռչակելու Կոմիտասի թողած ժառանգությունը և այն ներկայացնելու աշխարհի տարբեր երկրներին»,- ասաց Նիկոլայ Կոստանդյանը:
Նրա խոսքով, ասել, որ Կոմիտասի թողած ժառանգությունն ուսումնասիրված չէ, ճիշտ չի լինի, բայց բավական ուսումնասիրելու դեռ տեղ ունի և՛ երաժշտագիտական առումով, և՛ բանահավաքչական գործունեության, և՛ հրատարակչության տեսանկյունից և այլն:
Կոմիտասի թողած ժառանգությունը միջազգայնացնելու, լայն շրջանակներում հանրահռչակելու տեսանկյունից բավարար քայլեր կատարվում են և այս փառատոնն իրականացվում է հենց այդ տրամաբանության մեջ: Լրագրողների հետ զրույցում նշեց երաժշտագետ Մհեր Նավոյանը:
«Չեմ կարծում, որ մենք Կոմիտասի թողած ժառանգության հանրահռչակման ոլորտում խնդիրներ ունենք: Եթե կան խնդիրներ, ապա դրանք բոլորովին այլ դաշտում են: Մեր խնդիրները մշակութային արժեքների շփոթի դաշտում են, բայց հանրահռչակման, Կոմիտաս հնչեցնելու կամ տարբեր երգացանկերում Կոմիտաս ունենալու առումով, բնավ խնդիրներ չեմ տեսնում»,-ասաց նա:
Խոսելով փառատոնի կարևորության մասին՝ Մհեր Նավոյանը նշեց, որ բազմաթիվ երկրներից եկած գիտնականները զբաղվում են հայ երաժշտական մշակույթով: Նրա փոխանցմամբ, դրսից եկած երաժիշտները, ովքեր մասնակցում են այս կարգի փառատոններին, անպայմանորեն Կոմիտասի և հայ այլ կոմպոզիտորների երգացանկ են պատրաստում, և այդ երգացանկը մտնում է նրանց համերգային կյանք բացի այս փառատոնից, նաև այլ բեմերում հնչեցնելու նպատակով:
Գիտաժողով-փառատոնի կազմակերպումը հիանալի առիթ է անդրադառնալու Կոմիտասին, նրա գործունեությանը, ժամանակաշրջանին: Կներկայացվեն Կոմիտասի և նրա ժամանակակիցների գործերը: Միջնադարյան երաժշտությանը նվիրված զեկուցումներով հանդես կգան անվանի երաժիշտ-մասնագետներ՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Կիպրոսից և Ռուսաստանից:
«Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այն կանցկացվի սեպտեմբերի 27-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, սեպտեմբերի 28-29-ին՝ Հաղպատի վանական համալիրում: Գիտաժողով-փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին: