Արցախում սահմանադրական բարեփոխումների կարևոր շարժառիթն անվտանգության միջավայրն է. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարծում է, որ  չճանաչված կարգավիճակի ու չհայտարարված պատերազմի պայմաններում ապրող երկրի համար շատ բան է կախված արդյունավետ գործող պետական կառավարման համակարգից, ինչը պարբերական թարմացում է պահանջում: Նա գտնում է, որ Արցախի  պարագայում դա առայժմ կարելի է անել միայն սահմանադրաիրավական կարգավորումների միջոցով: Արցախ ում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության, պատճառների և առաջարկվող հիմնական փոփոխությունների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

-Պարոն Ղուլյան, ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության նախագիծը։ Նախ կխնդրեի ներկայացնել՝ ինչո՞ւմ է կայանում այս փուլում Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը, որոնք են պատճառները, որ հիմք են հանդիսացել Սահմանադրությունը փոխելու համար։

-Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մտահղացումն Արցախում նոր չէ շրջանառվում: Այլ հարց է, որ մեծամասամբ այդ թեման շոշափվել է քաղաքական կուսակցությունների ներքին քննարկումների ընթացքում:

Երբ 2013  թվականին Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ շատ բնական ու հասկանալի պատճառներով Արցախում այդ թեմայով քննարկումները որոշակի ժամկետով ընդմիջվեցին: Մենք հետևում էինք, թե ինչ ուղղությամբ է գնալու այդ գործընթացը Մայր Հայրենիքում և ինչ զարգացումներ այն կարող է հուշել՝ Արցախում նմանատիպ աշխատանք նախաձեռնելու համար:

Ինչպես յուրաքանչյուր հասարակության, այնպես էլ մեզ մոտ, սահմանադրական բարեփոխումների մասին ավելի շատ են խոսում այն ժամանակ, երբ հասարակական կարծիքի մեջ տիրապետող են դառնում հանրային կյանքի որակը բարձրացնելու պրպտումները:

Չճանաչված կարգավիճակի ու չհայտարարված պատերազմի պայմաններում ապրող երկրի համար շատ բան է կախված արդյունավետ գործող պետական կառավարման համակարգից, ինչը պարբերական թարմացում է պահանջում: Մեր պարագայում դա առայժմ կարելի է անել միայն սահմանադրաիրավական կարգավորումների միջոցով:

Մյուս կարևոր շարժառիթն անվտանգային միջավայրն է, որը, մեր դեպքում, անմիջապես կապված է երկրի կառավարման մոդելի ու ռեսուրսները մոբիլիզացնելու կարողությունների հետ, արժեքային ու գաղափարական այն հիմքերի հետ, որից ձևավորվում է երկրի ազգաբնակչության կամքը՝ հասնելու հռչակված անկախության միջազգային ճանաչմանը:

Հիմնականում այս երկու ուղղություններից է ամբողջացել հարցերի այն շրջանակը, որը մենք դրել ենք սահմանադրական բարեփոխումների հիմքում:

- Որո՞նք են Սահմանադրությունը փոխելու հիմնական նպատակները, ի՞նչ խնդիրներ են լուծվում նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող փոփոխություններով։ Խնդրում եմ առանձնացնել մի քանի հիմնարար մոտեցումներ, որոնք դրված են նոր Սահմանադրության հիմքում։

-Սահմանադրությունը փոխելու, սահմանադրական կարգավորումները կատարելագործելու նպատակները բխում են այն նույն հիմքերից, ինչի մասին մենք արդեն խոսել ենք: Եթե խնդիր ունենք կատարելագործել պետական կառավարման համակարգը, հստակեցնել անվտանգության համակարգը ձևավորող մեր պետական ինստիտուտների լիազորությունները, եթե մենք կարիք ունենք մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների ավելի ժամանակակից կառուցակարգերի սահմանման և կանգնած ենք դատական իշխանության, տեղական ինքնակառավարման համակարգի ինքնուրույնությունն ու անկախությունն ուժեղացնելու գործընթացի շեմին և մեր նպատակն է ներքին ցնցումներից զերծ հասարակության կառուցումը, ապա, կարծում եմ, այս հիմքերն արդեն հուշում են, թե ինչ խնդիրներ են լուծվելու նոր Սահմանադրությամբ:

Այս իմաստով, գուցե պատահական չէ, որ մասնագիտական հանձնաժողովի ընտրությունը թեքվել է հօգուտ ուժեղ և կենտրոնաձիգ կառավարման համակարգի, որն արցախյան հասարակությունը տեսնում է նախագահական կառավարման մոդելի մեջ:

Այսքանով հանդերձ, շատ կարևոր է, որ սահմանադրական բարեփոխումներով երկրում պահպանվի իշխանության թևերի միջև հավասարակշռությունը:

- Պարոն Ղուլյան, Սահմանադրության նախագծով առաջարկվում է կառավարման կիսանախագահական համակարգից անցում նախագահական համակարգին։ Ինչո՞վ է պայմանավորված կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու որոշումը, նշանակո՞ւմ է սա, որ կիսանախագահական համակարգն արդյունավետ չէր և չի արդարացրել իրեն։

-Այստեղ անպայման պետք է հաշվի առնել այն ժամանակահատվածը, որի ընթացքում մենք իրականացնում ենք սահմանադրական բարեփոխումները: 2006-ին մենք գնացել ենք գործող կիսանախագահական կառավարման համակարգը սահմանադրական մակարդակով ամրագրելու ճանապարհով:

Այսօրվա ռազմաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ մեր հանրության մեջ գերակայում է կառավարման կենտրոնաձիգ համակարգ ունենալու գաղափարը, և դա ապացուցում է, որ ժամանակի գործոնը երկրորդական չէ այս կարգի հարցերում:

Ավելորդ չէ հիշել, որ հետխորհրդային տարածքի պետական կազմավորումներից շատերն, ի սկզբանե, գնացել են կիսանախագահական կառավարման համակարգ ներդնելու ճանապարհով: Հետագայում այդ նույն համակարգը սկսել է բացահայտել իր կոնֆլիկտային բնույթը և, պատահական չէ, որ մի շարք երկրներում նկատվել են կառավարման համակարգն ուժային եղանակով փոխելու միտումներ:

Ժամանակն այսօր աշխատում է կառավարման կոնկրետ ու ինքնաբավ համակարգերի օգտին, որը ենթադրում է անցում պառլամենտական կամ նախագահական համակարգերին:

-Ի տարբերություն նախագահական կառավարման դասական մոդելին, Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծում ամրագրված է Ազգային ժողովի առջև նախագահի քաղաքական պատասխանատվությունը։ Նախագահն Ազգային ժողովի առջև քաղաքական պատասխանատվություն սովորաբար կրում է կառավարման խորհրդարանական համակարգում։ Ո՞րն է պատճառը, որ որոշվել է անցում կատարել կառավարման նման մոդելի։

-Կառավարման խորհրդարանական համակարգում Նախագահին ավելի հաճախ վերապահվում է իշխանության թևերի հավասարակշռությունը պահող արբիտրի դեր: Նախագահական կառավարման համակարգին նախապատվություն տալով՝ մենք օրակարգ ենք մտցրել այն հարցը, թե այս դեպքում ինչ մեխանիզմներ ու հակակշիռներ են գործելու, որպեսզի չխախտվի իշխանության թևերի հավասարակշռությունը:

Նոր Սահմանադրության նախագծում մեր առաջարկած լուծումները նույնիսկ ինչ-որ տեղ դուրս են դասական նախագահական կառավարման մոդելին հատուկ կարգավորումներից՝ կառավարման մյուս համակարգերից ներառելով հետաքրքիր բաղադրիչներ:

Նախագծով նախատեսվում է նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների համաժամանակյա անցկացումը, այսինքն՝ նույն տարում, նույն օրը: Այս հանգամանքը ենթադրում է, որ նախագահի ինստիտուտը ձևավորման պահից լուրջ հակակշիռ է ունենալու՝ ի դեմս խորհրդարանի: Ի տարբերություն դասական նախագահական համակարգի՝ նախատեսվում է, որ խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել նախագահին, իսկ նախագահն էլ կարող է արձակել խորհրդարանը: Հենց նմանօրինակ «նորամուծությունները» պետք է մեզ օգնեն շրջանցելու այն բարդությունները, որոնք երբեմն մեկնաբանվում են որպես & laquo;սուպերնախագահական» մոդելի ընձեռած լիազորություններ:

- Գործող Սահմանադրության համեմատ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի և հիմնարար ազատությությունների ապահովման առումով նոր դրույթներ ավելացե՞լ են։ Եթե այո, կխնդրեի մանրամասնել՝ ինչ փոփոխություններ են առաջարկվում երկրում ժողովրդավարության սկզբունքներն ամրապնդելու ուղղությամբ։

-Նոր Հիմնական օրենքի նախագիծն աչքի է ընկնում բազմաթիվ փոփոխություններով ու լրացումներով և նույնիսկ թեթևակի համեմատությունը ակնհայտ է դարձնում այդ տարբերությունները. գործող Սահմանադրությունը կազմված է 12 գլխից և 142 հոդվածից, իսկ նոր նախագիծը, թեկուզ գլուխների քանակով նույնն է մնացել, սակայն հոդվածներով ավելացել է 31-ով: Այդ երեք տասնյակ նոր հոդվածներից 20-ը բացառապես վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներին ու ազատություններին:

Մասնավորապես, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների բաժնում ավելացված հոդվածներից կառանձնացնեի՝ անձնական տվյալների պաշտպանությանը, ծնողների իրավունքների և պարտականությունների, երեխաների իրավունքների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, պատշաճ վարչարարության իրավունքի, քաղաքական ապաստանի իրավունքի, հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի մասին հոդվածները:

Այս և չթվարկված մի շարք հոդվածներ կոչված են համալրելու ժողովրդավարական համակարգի բնականոն գործունեությունն ապահովող և մարդու իրավունքների պաշտպանության նպատակով նախատեսված սահմանադրական կարգավորումների շարքը:

- Ե՞րբ կավարտվեն Սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները և ի՞նչ ժամկետներում այն կդրվի հանրաքվեի։

-Սահմանադրության նախագծի քննարկումները մի քանի փուլից է կազմված: Այս պահին ավարտում ենք հանրային քննարկումները, որից հետո նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի հանրապետության նախագահին: Ամենայն հավանականությամբ, նախագահը, լրացուցիչ քննարկումների ձևաչափ կառաջարկի քաղաքական ու հանրային շրջանակների համար: Հաջորդ փուլում Սահմանադրության նախագիծը կուղարկվի խորհրդարան և, հավանաբար, մինչև այս տարվա վերջ օրենսդիր մարմնում կընթանան նախագծի քննարկումները:

Կարծում եմ, որ 2017թ. հունվարին մեզ համար պարզ կլինի, թե ինչ ժամկետներում տեղի կունենա Սահմանադրական հանրաքվեն: 

Հարցազրույցը` Շանթ Խլղաթյանի

loading...
ՏՀՏ ոլորտի 9-ը ստարտափներ ներդրողներին ներկայացրին իրենց գաղափարները Որևէ մեկը իրավասու չէ Արցախի փոխարեն որոշել առնվազն երկու հարց. Քոչարյան ՀՀ գյուղնախարարն ընդունել է Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահին Խեսե. Գրիզմանը չի համապատասխանում Ռեալին, նրանից էլ ավելի լավ ֆուտբոլիստներ կան Ավարտվել է բժշկի կողմից «Կապանի բժշկական կենտրոնում» բռնաբարության փորձ կատարելու քրգործի նախաքննությունը Գյուղացիներին այս տարի ևս դիզվառելիքը կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով Մերկելը Պուտինի հետ քննարկելու է Ուկրաինայի ճգնաժամը եւ Սիրիայի իրադրությունը ԴԱՀԿ պաշտոնյան չարաշահել է պաշտոնեական դիրքը. հափշտակվել է խոշոր չափերի գումար Մանչեսթեր Յունայթեդի հավանական մեկնարկային կազմը Սուոնսիի հետ խաղում Աֆղանստանում ԱՄՆ զինվորների հատուկ գործողությունների արդյունքում ԻՊ-ի 35 գրոհային է սպանվել Ավելացել են Հայաստանի առևտրաշրջանառության, արտահանման և ներմուծման ծավալները Գյումրիում անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը Կառավարությունում քննարկվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրերը Ավելի էժան եւ արդյունավետ է կանխարգելել քաղցկեղը, քան բուժել այն. Արա Բաբլոյան Արգենտինայի Ռոսարիո քաղաքի Հիշողության թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված մաս է հատկացվել Freedom House-ն Ադրբեջանին կրկին դասել է ամենաանազատ երկրների շարքը ԱՄՆ ռազմական տեխնիկա է տրամադրել Սիրիայի քրդերին ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն ընթանում է ըստ ժամանակացույցի Երևանի քաղաքապետարանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է դյուրացնել վիզային ռեժիմը թուրք ընդդիմադիրների համար
website by Sargssyan