ԼՂ-ում նոյեմբերի 30-ին վիրավորված զինծառայողներից Քաջիկ Բադալյանի վիճակն արդեն լավ է, նրան տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:
Նա նշեց, որ իրենց մոտ տեղափոխված զինծառայողներից մյուսի՝ 19-ամյա Կարապետ Միքայելյանի առողջական վիճակում փոփոխություն չկա, նա շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր կայուն է: Կարապետ Միքայելյանը ստացել է գլխի թափանցող վիրավորում, իսկ Քաջիկ Բադալյանը որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել են նրա աղիները եւ աջ ազդրը:
Նշենք, որ նոյեմբերի 30-ին վիրավորված մեկ այլ զինծառայող էլ՝ 32-ամյա Գագիկ Պողոսյանը, գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում:
32-ամյա Գագիկ Պողոսյանն ու 24-ամյա Քաջիկ Բադալյանը Արցախի Աշան գյուղից են, իսկ Կարապետ Միքայելյանը՝ Սեւան քաղաքից:
Քաջիկ Բադալյան
Կարապետ Միքայելյան
Գագիկ Պողոսյան
0
SHARES
|