Գեղարքունիքի մարզի ճանապարհներին սաստիկ բուք է եւ մերկասառույց
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում դեկտեմբերի 2-ի երեկոյան սկսված ձնաբուքը շարունակվել է նաեւ դեկտեմբերի 3-ի գիշերվա եւ ցերեկվա ժամերին, ինչի արդյունքում ճանապարհներին առաջացել է մերկասառույց եւ ստեղծվել դժվարանցանելի վիճակ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, մերկասառույց ձեւավորված է մարզի միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության գրեթե բոլոր ճանապարհներին: «Ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհների մաքրման ու մշակման աշխատանքներ, սակայն չդադարող բուքը շարունակում է խնդիրներ ստեղծել: Դեկտեմբերի 3-ի ցերեկվա դրությամբ մարզում փակ ճանապարհներ չկան, սակայն բոլոր ուղղություններում դժվարանցանելի վիճակ է»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:
ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով՝ քամին դեկտեմբերի 3-ի առավոտյան Գավառում ունեցել է մինչեւ 18 մետր վայրկյան պոռթկում: Ճգնաժամային կառավարման կենտրոնը համայնքներից քամու հասցրած վնասների, մեքենաների խցանումների կամ այլ արտակարգ դեպքերի մասին ահազանգեր չի ստացել:
Խոսրով Խլղաթյան