ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում 2017-ին կրճատումներ չեն լինի, կբացվի նոր կենտրոն. Դավիթ Լոքյան
ՔաղաքականՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում 2017-ին կրճատումներ չեն լինի, ավելին ՝ նախատեսվում է մեկ նոր կենտրոն բացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Նախարարությունում, բացի մեկ տեղակալից, այլ կրճատումներ չեն եղել և չեն լինելու: Նույնիսկ կարծում եմ, որ մենք կարիք ունենք մեկ-երկու նոր կառույցների ստեղծման: Նման առաջարկ արել է նաև վարչապետը: Խոսքը վերլուծական կենտրոնի ստեղծման մասին է»,-ասաց Լոքյանը:
Նախարարը հայտնեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ այն ծավալը, որն ընդգրկված է նախարարության գործառույթների մեջ, շատ մեծ է և լուրջ վերլուծական կենտրոնի կարիք ունի:
Հարցին, թե նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում քանի հաստիք է կրճատվել, Դավիթ Լոքյանն ասաց, որ արդեն 30 և ավելի հաստիքային միավոր է կրճատվել ՀՀ պետական արխիվում և շուրջ 14 հաստիքի չափով կրճատում է արվել միգրացիոն ծառայությունում.«Նախարարությունը նոր ստեղծված կառույց է և փոքր թվով աշխատողներ ունի: Մեր քաղծառայողների թիվը հասնում է 79-ի»:
Հարցին, թե ի՞նչ ծրագրեր կան, որոնք չեն իրականացվել 2016-ին, Դավիթ Լոքյանն ասաց, որ նախարարությունը չիրականացված ծրագրեր չունի.«2016-ի համար նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են»: