Ռուբեն Սաֆրաստյանը հույս ունի, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կցուցաբերի իրատեսական մոտեցում Ադրբեջանի կողմից ստեղծված իրադրությանը
ՔաղաքականԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսման վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անելու համար դեռ վաղ է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով հունվարի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությանը՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն հարձակման փորձի հետ:
«Պետք է նախ փորձենք հասկանալ՝ արդյո՞ք համանախագահների դիրքորոշումներում որեւէ փոփոխություն կա: Ամեն դեպքում հույս ունեմ, որ նրանք կցուցաբերեն ավելի սթափ վերաբերմունք եւ իրատեսական մոտեցումներ այն իրադրությանը, որը ստեղծում է Ադրբեջանը»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Արցախյան հիմնահարցում Թուրքիայի ներգրավվածությանը, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան ժամանակ առ ժամանակ կփորձի օգտագործել Արցախի գործոնը իր քաղաքականության խնդիրները լուծելու համար:
«Եթե Թուրքիան գտնի, որ կա անհրաժեշտություն սրելու իրավիճակը, Ադրբեջանին դրդելու ագրեսիայի, ապա կարծում եմ՝ նա այդ քայլին կգնա»,-ասաց թուրքագետը: