Tesla-ն սահմանել է էլեկտրական մեքենաների լիցքավորման արժեքը
ՄիջազգայինԱմերիկյան Tesla Motors ընկերությունը հայտնել է Supercharger ցանցի կայաններում մեքենաների վերալիցքավորման արժեքը:
Motor.ru-ի հաղորդմամբ` գումար կգանձվի միայն այս տարվա հունվարի 15-ից հետո գնված և ապրիլի 15-ից հետո առաքված էլեկտրամեքենաների սեփականատերերից:
Վճար սահմանելուց բացի «Տելսան» կսկսի տուգանել իր հաճախորդներին Supercharger էլեկտրական «լցակայաններում» մեքենան լիցքավորման ավարտից հետո կայանելու համար: Այս քայլով ընկերությունը մտադիր է իր լիցքավորման ցանցն առավել «հասանելի» դարձնել:
Լիցքավորման ավարտից հետո 5-րդ րոպեից սկսած յուրաքանչյուր րոպեն կանոնը խախտողների համար 40 ցենտ կարժենա:
Tesla Model S և Model X մոդելների սեփականատերերը մեքենայի հետ մեկտեղ 400 կիլովատ/ժամ էներգիայի անվճար քարտ կստանան, որը հավասարազոր է 1600 կմ ընթացքին:
Լիցքավորման համար գինը կախված է տարբեր նահանգներից և օգտագործվող էներգիայի հզորությունից: Նյու Մեքսիկո նահանգում, օրինակ «մինչև 60 կիլովատ» հզորության էներգիայի մեկ րոպեն կարժենա 8 ցենտ, ավելի հզորը` 16 ցենտ: Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, Իլինոյսում և Վաշինգտոնում նախատեսվում է 20, 19, 15 և 11 ցենտ` համապատասխանաբար: