ՌԴ-ի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվել ԱՄՆ-ի ազգային շահերով. ԱՄՆ-ում մեկնարկել է Բարաք Օբամայի վերջին ասուլիսը
ՄիջազգայինՍպիտակ տանը մեկնարկել է Բարաք Օբամայի վերջին մամուլի ասուլիսը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում: Ասուլիսի սկզբում նա շնորհակալություն է հայտնել Սպիտակ տանն աշխատած բոլոր լրագրողներին, ապա անդրադարձել է Ջորջ Բուշ ավագի հոսպիտալացման մասին լուրին` նշելով, որ զրուցել է նրա ընտանիքի անդամների հետ:
«Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում, կարծում եմ, պետք է առաջնորդվել նախևառաջ ԱՄՆ-ի ազգային շահերը, ինչպես նաև համատեղ կառուցողական աշխատանքը հաշվի առնելով: Կարծում եմ Դոնալդ Թրամփը կշարունակի նույն կերպ աշխատել կամ առավել կառուցողական հարաբերություններ կառուցել ռուսական կողմի հետ», - ընդգծել է Օբաման` անդրադառնալով ՌԴ-ի հետ ներկայիս և հետագա հնարավոր հարաբերություններին:
Պատասխանելով միջուկային զինանոցի կրճատման պարագայում Թրամփի կողմից ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հավանական վերացման հարցին` Օբաման հիշեցրել է, որ պատժամիջոցները սահմանվել են ոչ թե միջուկային խնդրի պատճառով, այլ Ուկրաինայի: «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, քանի որ ՌԴ-ն փորձել է խախտել անկախ երկրի` Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և շարունակում է միջամտել երկրի ներքին գործերին և աջակցել անջատողական ռազմական ուժերին», - շեշտել է ԱՄՆ ղեկավարը:
Բարաք Օբաման ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվել է 2008-ին` առաջադրվելով Դոմոկրատական կուսակցության կողմից, այնուհետև երկրորդ ժամկետով վերընտրվել է 2012-ին:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին: