Դինքը շարունակում է ոգեշնչել մեզ բոլորիս. Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպան
ՄիջազգայինԹուրքիայում Միացյալ Թագավորության դեսպան Ռիչարդ Մուրը Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Ողբերգական մահվանից 10 տարի անց այսօր մենք հիշում ենք Հրանտ Դինքին: Նա մարդու իրավունքների, խոսքի ազատության և բազմազանության ուժեղ պաշտպան էր: Նա դեռ շարունակում է ոգեշնչել մեզ բոլորիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Միացյալ Թագավորության դեսպանը:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ: