Լյուքսեմբուրգի խորհրդարանում անդրադարձել են Ադրբեջանի քաղբանտարկյալներին
Международные новостиՀունվարի 19-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանից ժամանած պատգամավորների հետ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Հանդիման ժամանակ Amnesty International կազմակերպության Ադրբեջանում գործող մասնաճյուղի ներկայացուցիչները ուշադրություն են հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար և շինծու մեղադրանքներով ձերբակալված քաղբանտարկյալների խնդրի վրա:
Կազմակերպության ներկայացուցիչները, մասնավորապես, շեշտել են, որ Ադրբեջանում իշխանությունները ճնշում են ցանկացած քննադատական, իրենց գործունեությանը հակասող կարծիք, այդ բոլոր ձերբակալությունները կատարվել են քաղաքական շարժառիթներով և քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:
Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ Մարս դի Բոլտորոմեոն, հղում կատարելով իրավապաշտպան Լեյլա Յունուսի կողմից 2016-ի դեկտեմբերի 14-16-ին Լուքսեմբուրգի խորհրդարան ներկայացրած քաղբանտարկյալների 160 հոգանոց ցուցակին, հարցեր է ուղղել ադրբեջանցի պատգամավորներին:
2016-ի նոյեմբերին Եվրոպական խորհրդարանում Լեյլա Յունուսը, Նարդարանի գործի եւ քաղաքական մեղադրանքներով բանտարկվածների վերաբերյալ ելույթ ունենալով, նշել էր, որ Ադրբեջանում արդեն 160-ից ավելի քաղբանտարկյալներ կան եւ կոչ էր արել եվրոպացի խորհրդարանականներին պայքարել այդ մարդկանց ազատության համար:
Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության շինծու մեղադրանքները: