Բաղանիսցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը. պատճառը նորակոչիկներն էին
ՀասարակությունՆոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները հունվարի 21-ին փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը:
Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը պարզաբանեց, որ պատճառը Բաղանիսում ընդունված ավանդույթն է, ըստ որի, բաղանիսցի նորակոչիկներին սահման են ճանապարհում գյուղից` դհոլ-զուռնայով:
«Ընդունված է, որ նորակոչիկները ծառայության են մեկնում զինկոմիսարիատի մոտից: Քանի որ մեր նորակոչիկները ավանդույթի համաձայն որոշել էին ծառայության մեկնել գյուղից, Նոյեմբերյանի զինկոմիսարիատում համարել են, որ, Նոյեմբերյան քաղաք չներկայանալով, վերջիններս ծառայությունից խուսափել են»,-ասաց նա:
Համայնքապետը նշեց, որ զինկոմիսարիատից տվյալ նորակոչիկների ծառայության մեկնելու օրը տեղափոխել են հունվարի 26-ին, ինչն էլ առաջացրել էր վերջիններիս դժգոհությունը եւ ճանապարհի փակման պատճառ էր դարձել:
«Դա եւս մեկ անգամ փաստում է, որ մեր բնակիչները սահմանին ապրելով բանակից չեն խուսափում»,-հավելեց Սահակյանը:
Միջպետական ավտոճանապարհն արդեն բաց է, իսկ նորակոչիկներին բանակ կճանապարհեն հունվարի 26-ին: