Ռուսաստանը ներկա պայմաններում «Իսկանդերները» Կալինինգրադից հետ չի տանի. Պեսկով
ՄիջազգայինՄոսկվան Կալինինգրադից «Իսկանդեր» հրթիռային համալիրները հետ չի տանի քանի դեռ Եվրոպայում առկա է Ռուսաստանի դեմ ուղղված հրթիռային համակարգ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ BBC-ին տված հարցազրույցում, գրում է ТАСС-ը:
«Դա շատ բարդ հարց է: Դուք չեք կարող պարզապես հետ քաշել այդ հրթիռները Կալինինգրադից՝ չիմանալով, որ կվերացվեն եվրոպական մայրցամաքում մի ամբողջ հակառուսական հրթիռային համակարգի ստեղծման ծրագրերը»,- ասել է նա:
ՌԴ պաշտպանության նախարարությունն անցած տարի հաստատել է Կալինինգրադի շրջանում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայման մասին հաղորդագրությունները: Ընդ որում՝ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նշել է, որ հրթիռային համակարգերի տեղափոխությունն իրականացվում է հրթիռային զորքերի հնարավորությունների պարբերաբար անցկացվող ստուգումների շրջանակներում:
«Իսկանդերների» տեղակայման մասին տեղեկություններից հետո Բալթիկ երկրների ներկայացուցիչները հանդես եկան հայտարարություններով, որ ՌԴ-ի այդ գործողությունները սրում են իրավիճակը: