ԵԽ զեկուցողը բացասաբար է վերաբերում Թուրքիայում սահմանադրական փոփոխություններին
ՄիջազգայինԵվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին համոզմունք է հայտնել, որ Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները կթուլացնեն երկրում օրենքի գերակայությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
«Մի հասարակությունում, որտեղ ժողովրդավարության հիմքերը թուլացվում են, մեկ մարմնի` այսինքն` նախագահի ձեռքում ավելի շատ ուժ կենտրոնացնելը երկրում կթուլացնի օրենքի գերակայությունը»,- նշել է նա:
Փիրին անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության ոտնահարման խնդրին` ասելով. «Այլընտրանք չկա, քան կոչ անելը Եվրախորհրդարանին ժամանակավոր առկախել ԵՄ անդամակցության բանակցությունները: Քաղաքական ուղերձը, որ ցանկանում ենք հղել թուրքական կառավարությանը, հետևյալն է` եթե ցանկանում եք լրջորեն անդամակցել Եվրամիությանը, սա չէ այն ճանապարհը, որով պետք է առաջ շարժվեք»: ԵԽ ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ իրենց ուղերձը բաց է և հստակ: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի կառավարությունը կվերադառնա բարեփոխումների ճանապարհ: