«Համախմբում»-ը պարզաբանել է դաշինքի մեջ մտնելու մասին Պարույր Հայրիկյանի հայտարարությունը
Քաղաքական«Համախմբում» կուսակցությունը պարզաբանում է տարածել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի այն հայտարարության վերաբերյալ, որ իր ղեկավարած կուսակցությունը միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների դաշինքին։
«Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանի փոխանցած պարզաբանման մեջ նշված է. «Ինչպես հայտնի է, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների դաշինքին։ Այս կապակցությամբ մամուլում և սոցցանցերում տարատեսակ մեկնաբանություններ են արվել։ Ուզում եմ հիշեցնել, որ դաշինքի համատեղ հայտարարությունում նշված էր. «Դաշինքը բաց է և պատրաս տ է համագործակցել քաղաքական այն ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և տեսակետները»։
Հետևաբար, եթե լինում են այդ հայտարարությանը միացողներ, դաշինքի գաղափարը ողջունողներ, ապա մենք դա ընդունում ենք ի գիտություն, և մեզ համար անհասկանալի են առաջացած աղմուկն ու շահարկումները։
Վստահ ենք, որ առաջիկայում ևս կլինեն դաշինքին միացող քաղաքական այլ ուժեր, միավորումներ, հասարակական կառույցներ ու անհատներ»։