Նախարար Աղաբալյանն արդյունավետ է համարում արցախցիների համար ոչ ֆորմալ կրթության ծրագրի միջոցառումները
ՀասարակությունԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից «Մասնագիտության ճիշտ կողմնորոշում» միջոցառման շրջանակներում իրականացվող ոչ ֆորմալ կրթության ծրագիրը նախարար Աղաբալյանը արդյունավետ է համարում:
Այս մասին հունվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսին նշել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և ասել, որ «Վերապատրաստման դասընթացներ» միջոցառման շրջանակներում իրականացվել են «Անհատի առաջնորդական հմտությունների զարգացման» և «Ռազմավարության պլանավորում» դասընթաց-սեմինարները:
Նախարարի խոսքով, անցած տարի մեծ ուշադրություն է դարձվել նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն միտված միջոցառումներին, և կազմակերպվել է ինտելեկտուալ, ազգային ավանդական խաղեր, ազգային պարերի բաց դասեր, համերգային ծրագրեր, «Skype»-ով շփվելու հնարավորություն զինծառայողների համար:
«Կազմակերպվել են հայրենաճանաչողական երիտասարդական արշավներ դեպի Կուսանացանապատ, Դիզափայտ, Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներ՝ «Ճանաչենք մեր երկիրը» կարգախոսով: Նախարարության կողմից աջակցություն է ցուցաբերվել սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող երիտասարդների հարցերով զբաղվող կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումներին. Արցախի 20 հաշմանդամ երիտասարդներ մասնակցել են Սևանա լճի ափին երիտասարդ հաշմանդամների համար գործող ճամբարին:
ՀՀ Սիսիան քաղաքում կազմակերպված «Բիզնես կարողությունների զարգացում» թեմայով դասընթացներին մասնակցել են նաև ԼՂՀ խուլերի միության 6 անդամներ»,- մանրամասնել է Ն.Աղաբալյանը: