Ոստիկանության պաշտոնյան կարծում է, որ հանցավորության վիճակով Հայաստանը դասվում է ամենանավտանգ երկրների շարքը
ՀասարակությունՀանցավորության ծավալների մասին ոստիկանության հրապարակումը որոշ մարդկանց մոտ սխալ մեկնաբանության առիթ է տվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
«Եթե ամփոփենք վերլուծական մտքի գոհարները, դրանք հիմնված են այն թեզի վրա, որ հանցավորության աճը ոստիկանության վատ աշխատանքի հետևանքն է, փաստորեն, եթե լավ աշխատենք, հանցավորությունը կկրճատվի, իսկ շատ լավ աշխատելու դեպքում՝ այն ընդհանրապես կվերանա: Որևէ երկրում իրավապահ մարմինների լավ կամ վատ աշխատանքը հանցավորության միտումների ու օրինաչափությունների վրա որոշիչ ազդեցություն չի թողնում: Իրավապահ համակարգի խնդիրը հանցավորությունը սոցիալապես հանդուրժելի մակարդակի վրա պահելն է: Նշված խնդիրը ոստիկանությունը լիարժեք լուծում է»,- ասել է Քոչարյանը:
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի համոզմամբ` Հայաստանը դասվում է ամենանավտանգ երկրների շարքը:
«Սա մեր հասարակության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Հանցավորության վիճակի վերաբերյալ իրական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ են ոչ միայն նրա քանակական, այլև որակական ցուցանիշների մասին վկայակոչումներ, այն էլ նախորդ տարիների վիճակագրական շարքերի խորքային համեմատությամբ: Մեկ տարվա կտրվածքով թվերի նվազումը կամ աճումը որևէ օրինաչափության մասին չի կարող վկայել:
Հանցավորության իրական բնութագրի ցուցիչներ պետք է դիտել ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը, բացի այդ ճիշտ կլինի նկատի ունենալ 100 հազար բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը յուրաքանչյուր տարում: Հանցավորության վիճակի մասով մեր հանրությունը մտահոգվելու հատուկ առիթ չունի»,- ընդգծել է Քոչարյանը: