Հանրապետական դեմագոգիա. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Հանրապետական իշխանությունները ընտրությունների նախօրեին այս անգամ ասպարեզ են գցում «արջի ծառայություն» մանիպուլյացիան։ Այս ձևակերպումն առավել հաճախ սկսեց հնչել հանրապետականների շուրթերից նախորդ խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի շրջանից, երբ Հանրապետականը «զոհաբերեց» իր առավել ապաշնորհ քարոզիչներին, որոնք, այսպես ասած, բռնվել էին գործի վրա՝ ընտրակաշառք էին բաժանել կամ նմանատիպ ընտրախախտումների փորձեր էին արել։
Ներկայում կրկին արջի ծառայությունը դառնում է հանրապետականների հիմնական արդարացումը։ Կառավարության հերթական նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը այս անգամ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ մամուլում հրապարակված տեղեկություններով որոշ գերատեսչությունների և մարզային կառույցների ղեկավարներ վարչական լծակներ են կիրառում Հանրապետականի օգտին աշխատելու համար։ Վարչապետն ակնհայտորեն ակնարկում է օրերս Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին, որը հորդորել էր Արտաշատի պոլիկլինիկայի տնօրենին աշխատել Հանրապետականի համար, հակառակ դեպքում սպառնալով ազատել նրան աշխատանքից։
Սակայն մյուս կողմից՝ փոքր–ինչ տարօրինակ է նորանշանակ մարզպետի նման վարքը արջի ծառայություն անվանել, քանի որ երբ համադրում ենք վերջինիս նախկինում զբաղեցրած պաշտոնը՝ բնապահպանության նախարար, ծառայությունները վարչակարգին և վերջապես հենց այս նշանակումը, ապա ակնհայտ է դառնում, որ Գրիգորյանը պարզապես գործուղվել է Արարատի մարզ հենց, այսպես ասած, արջի ծառայություն մատուցելու համար՝ այն է Հանրապետականին ձայներ ապահովելու նպատակով։ Սակայն, ըստ էության, Գրիգորյանը հենց սկզբից սկսել է սխալ տեղից և փորձել է սպառնալիքներով ու պաշտոնական դիրքի չարաշահումով գործն առաջ տանել, ինչի համար էլ նրա արածն արդեն բնութագրվում է որպես արջի ծառայություն։
Թերևս սա որոշակի զգուշացում է նաև մյուս կառույցների և գերատեսչությունների ղեկավարներին, որ իրենց գործն անեն առանց աղմուկի ու աղմկահարույց պատմությունների, մյուս կողմից` սա զգուշացում է առ այն, որ վարչակարգը միշտ էլ պատրաստ է «զոհաբերել» իր նվիրյալներին, ուստի այս տեսանկյունից պետք է նշել, որ այսօրինակ մարզպետներն ու մյուս չինովնիկները մշտապես պետք է պատրաստ լինեն արջի ծառայություն մատուցող հռչակվելուն՝ անկախ նրանից, որ իրենք կատարում են հենց նույն վարչակարգի կամ Հանրապետականի ցուցումները։
Վերջապես ինչ վերաբերում է բուն «արջի ծառայություն» ձևակերպմանը, ապա ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր հարմար առիթով Հանրապետականը կիրառելու է հենց այս արդարացումը՝ սեփական առանց այն էլ նախանձելի վիճակում չգտնվող վարկանիշը փրկելու համար, սա արդեն իր հերթին մտածելու տեղիք պետք է տա անգամ ամենափորձառու և նվիրյալ ընտրակեղծարարներին, քանի որ նրանցից և ոչ մեկը ապահովագրված չէ անհրաժեշտության դեպքում քավության նոխազ դառնալուց։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: