«Ժառանգություն»-ը կմիանա Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքին
Քաղաքական«Ժառանգություն» և «Համախմբում» կուսակցությունները, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցեն դաշինքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ կուսակցության վարչության նիստի ընթացքում որոշում է կայացվել միանալ Սեյրան Օհանյան- Վարդան Օսկանյան դաշինքին: «Երեք գործիչներ՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը միանում են և միասնական պայքար են տանելու երկրում իրավիճակ փոխելու համար»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա նաև հայտնեց, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նիստին չի մասնակցել: Զարուհի Փոստանջյանը դեմ է արտահայտվել առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելուն:
«Ժառանգություն», «Համախմբում» կուսակցությունները և Սեյրան Օհանյանն առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու հուշագիր կստորագրեն փետրվարի 13-ին:
Ավելի վաղ ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ հուշագիր էին ստորագրել «Համախմբում», «Երրորդ Հանրապետություն» և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունները: Նրանց միանալու պատրաստակամություն էր հայտնել նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, սակայն որոշ ժամանակ անց Պարույր Հայրիկյանը, ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարեցին հուշագրից հրաժարվելու մասին: Հուշագրից հրաժարվելու մասին է հայտարարել նաև «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 16-ը, իսկ տարածքային և համամասնական ցուցակները` փետրվարի 16-26-ը: