Եվրահանձնաժողովը Կիպրոսին և Թուրքիային կոչ է արել շարունակել բանակցությունները
ՄիջազգայինԵվրահանձնաժողովն, անդրադառնալով Կիպրոսի խնդրի կարգավորման շուրջ բանակությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպին, Թուրքիային և Կիպրոսին կոչ է արել հաղթահարել ստեղծված խնդիրները և շարունակել բանակցությունները:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդ Մուստաֆա Աքինջին հինգշաբթի օրը նշել էր, որ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը լքել է բանակցությունների սեղանը և հայտարարել, որ ինքն այլևս ավելացնելու ոչինչ չունի և այս միջադեպից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Անաստասիաադիսին մեղադրում է բանակցային գործընթացը խաթարելու մեջ:
Կիրպրոսի նախագահ Նիկոս Անաստասիաադիսն էլ իր հերթին կիպրական թուրքերի պատվիրակությանը մեղադրում է առանց որևէ պատճառի բանակցային գործընթացից դուրս գալու մեջ:
«Սրանք դժվարին բանակցություններ են, և նմանատիպ բանակցությունների ժամանակ կարող են լինել դրական և բացասական կողմեր, զգացմունքային միջադեպեր: Մենք կոչ ենք անում երկու կողմերին հաղթահարել այս միջադեպը և շարունակել բանակցությունները, որպեսզի դրա արդյունքում կայացվելիք որոշումը լինի հնարավորինս արագ»,- ասել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վինտերշտայնը:
Կիպրոսի վերոհիշյալ խնդիրը սկսվել է 1974-ին, երբ կղզու հյուսիսային մասը զավթվեց թուրքական բանակի կողմից։ 1983թ. թուրքերն այդ տարածքում հիմնեցին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն», ինչն ավելի ամրապնդեց բաժանումը։ Վերջինս պաշտոնապես ճանաչված է միայն Անկարայի կողմից, մինչդեռ կղզու հարավային մասում գտնվող Կիպրոսի Հանրապետությունը ոչ միայն ճանաչվեց, Թուրքիայից բացի, աշխարհի մնացած բոլոր երկրների կողմից, այլև 2004թ. մայիսին դարձավ Եվրամիության անդամ։