Մալայզիայում Կիմ Չեն Նամի սպանության եւս մեկ կասկածյալ են կալանավորել
ՄիջազգայինՄալայզիայի ոստիկանությունը հայտնել է Կիմ Չեն Նամի սպանության գործով կալանավորված չորրորդ կասկածյալի անունը՝ 1970 թ ծնված Լի Չոն Չխոլը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լի Չոն Չխոլին կալանավորել են նախօրեին Սելանգոր նահանգում, նրա մոտ փաստաթղթեր էին, որոնք Մալայզիայի իշխանությունները օտարերկրացի աշխատողներին են տրամադրում։
Ավելի վաղ մալայզիական ոստիկանությունը ձերբակալել էր երկու կնոջ՝ Վիետնամից ու Ինդոնեզիայից, նաեւ նրանցից մեկի բոյֆրենդին։
Լի Չոն Չխոլը, ենթադրաբար, եղել է այն չորս տղամարդկանցից մեկը, որոնց լուսանկարները տարածել էր ոստիկանությունը ամբողջ Մալայզիայում։
Կիմ Չեն Նամը, որը վաղուց էր ապրում Հյուսիսային Կորեայի սահմաններից դուրս, հիմնականում Մակաոյում, սպանվել է փետրվարի 13-ին Կուալա Լումպուրի օդանավակայանում; Ենթադրվում է, որ երկու կին հանցակիցներ թունավորել էին Կիմ Չեն Նամին, նրա դեմքի վրա թույնով ներծծված կտոր գցելով։ Հիվանդանոցի ճանապարհին տուժածը, որը ճանապարհորդում էր Կիմ Չխոլ անունով, մահացել է։
Հաջորդ օր հարավկորեական մամուլը, վկայակոչելով հատուկ ծառայությունները, հայտնել է, որ սպանվածը Կիմ Չեն Նամն էր։ Ավելի ուշ Մալայզիայի ոստիկանությունը պարզել է նրա անձը, բայց դիահերձումը չի օգնել հայտնաբերել մահվան ճշգրիտ պատճառը։
Հյուսիսային Կորեան պնդում է, որ հանգուցյալի մարմինը իրենց վերադարձվի, սակայն մալայզիական ոստիկանությունը հայտնել է, որ մարմինը կհանձնի միայն հանգուցյալի ազգականներին՝ նրանց ԴՆԹ-ն ստուգելուց հետո։