Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավոր է ձերբակալվել
ՄիջազգայինԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեհչեթ Յըլդըրըմը Անկարա գնալու ճանապարհին Ադըյամանի օդանավակայանում ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Իր ձերբակալության մասին Յըլդըրըմը հայտնել է թվիթերի իր միկրոբլոգի միջոցով: Պատգամավորը մեղադրվում է «հանցախմբի անդամ լինելու», «հանցախմբի օգտին քարոզչություն իրականացնելու», «պետական մարմինները ստորացնելու» մեջ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 12 պատգամավոր ձերբակալվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: