Վարչապետը ոռոգման նախապատրաստական աշխատանքների հետ կապված հանձնարարականներ տվեց
ՀասարակությունՀՀվարչապետ Կարեն Կարապետյանը ջրային ոռոգման նախապատրաստական աշխատանքների հետ կապված հանձնարարականներ տվեց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նախկինում հանձնարարել էր կատարել կադաստրային, պլանային և փաստացի ոռոգվող հողատարածքների համադրություն և վերլուծություն:«Խոսքն այն մասին է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեում մի վիճակագրություն է, համայնքներում և այլ ատյաններում՝ այլ: Ջրպետկոմի ամփոփած տվյալների համաձայն՝ փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47%- ը: Այդ թիվը համարում ենք անթույլատրելի»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներին հանձնարարեց տասնօրյա ժամկետում կադաստրային և փաստացի ոռոգելի տարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարել ուսումնասիրություն և ներկայացնել վերլուծություն դրա պատճառների վերաբերյալ:
«Մենք ընտրել ենք ամենաշատ անհամամասնության 20 համայնքները և շարունակական գնալու ենք առաջ»,- նշեց Կարեն Կարապետյանը: