Դուք ընտրում եք ձեր թաղի լավ տղային, այսինքն ապահովում եք ՀՀԿ-ի իշխանությունը
ՔաղաքականԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕՐՕ դաշինքի ցուցակում ընդգրկված Արմեն Մարտիրոսյանը, խոսելով ընտրության վերաբերյալ զարգացումների ու դրա հետեւանքների մասին, դիմելով հանրությանը՝ ասաց. «Ժողովուրդ ջան, այն, որ դուք ընտրում եք ձեր թաղի լավ տղային՝ թեկուզ ՀՀԿ-ից, դեռ չի նշանակում, որ նա անպայման հայտնվելու է խորհրդարանում, դրանով ուղղակի ապահովում եք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի իշխանությունը»,-ասաց նա՝ հավելելով. «Ընտրություն կատարելիս դուք պետք է ուշադրություն դարձնեք կուսակցությանը. արդյոք այդ ուժին ուզո՞ւմ եք տեսնել քաղաքականության մեջ, թե՞ ոչ: Մի կարեւոր հանգամանք կա. ցուցակները ոչ միայն տարածքային են, այլեւ թաղային»,-ասաց պատգամավորության թեկնածուն՝ բերելով հետեւյալ օրինակը. «Արաբկիրում թիրախավորվել է Արտակ Սարգսյանը, Աջափնյակում՝ Արման Սահակյանը, Դավթաշենում՝ Արթուր Գեւորգյանը եւ այլք: Ավելին, Արման Սահակյանին զուգահեռ Աջափնյակում կա եւս մեկ ՀՀԿ-ական թեկնածու, որը եւս ձայներ է ապահովելու Հանրապետականի համար: Դուրս է գալիս, որ մարդիկ նույնիսկ իրենց թաղի ձայներն ապահովելու համար մտել են խաղի մեջ»:
Խոսելով նաեւ ընտրակաշառքի մասին Ա. Մարտիրոսյանն ասաց. «Նախորդ ընտրություններին եղել են դեպքեր, որ քաղաքացիները, իհարկե, սխալ վարվելով, վերցրել են ընտրակաշառք, բայց գնացել ու ճիշտ ընտրություն են կատարել»: