Ընտրություններից առաջ ընտրակաշառքի դրույքաչափերը բարձրացել են. 100 դոլար՝ յուրաքանչյուր քվեի համար
ՔաղաքականՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողներ հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ԱԺ ընտրություններից առաջ ընտրակաշառքի դրույքաչափերը բարձրացել են. «Ընտրողների 50-60%-ը պատրաստ է կաշառք վերցնել: Սակայն ընտրողների ցուցակների հրապարակումը լուծում է 500-600.000 անցյալում կեղծվող ստորագրությունների խնդիրը, ինչը նշանակում է, որ կես միլիոն ձայն կեղծելու հնարավորությունից ու ազատությունից մենք զրկել ենք իշխանությանը»:
Խոսելով նաեւ 2000 տեղամասից 1500-ում տեսախցիկների տեղադրման մասին՝ պատգամավորն ասաց. «Ըստ էության, դրանք համարյա անհնար են դարձնում, տեղամասերում ընտրակեղծարարությունը, նկատի ունեմ ուրիշի փոխարեն քվեարկությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ վերահսկման նման մեխանիզմների ներդրումը բերել է մեկ այլ խնդրի. «Բարձրացել են ընտրակաշառքի դրույքաչափերը, քանի որ իշխանությունը հասկանում է, որ չունի վերջին ապաստանը՝ տեղամասում կեղծելը, հիմա հասկանում են, որ խնդրի լուծման միակ երաշխավորը ընտրակաշառքն է: Իսկ կաշառքի շուկան ռեակցիա է տալիս օրենքներին: Այդ շուկան բարգավաճում է»:
Զուրաբյանի խոսքով՝ լուրեր են պտտվում, որ ամենամեծ ընտրակաշառքը բաժանում է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը՝ 100 դոլար յուրաքանչյուր քվեի համար: