Գյումրի բժշկական կենտրոնում այսուհետ իրականացվելու է կրծքավանդակի օրգանների վիրաբուժություն
ՀասարակությունԳյումրի բժշկական կենտրոնը համալրվել է նոր վիրահատական ծառայությունով, այսուհետ կենտրոնում իրականացվելու է կրծքավանդակի օրգանների վիրաբուժական միջամտություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի ծառայության պատասխանատու Նարեկ Կիրակոսյանը՝ փաստելով, որ ծառայության շրջանակներում իրականացվում է՝ թոքերի, պլևրայի, ստոծանու, միջնորմի և կրծքավանդակի վնասվածքների ախտորոշում եւ բուժում: Ծառայությունը կիրառում է ախտորոշման եւ բուժման մի շարք մեթոդներ: Մասնավորապես, ռենտգենոգրաֆիա եւ ռենտգենոսկոպիա, համակարգչային տոմոգրաֆիա, բրոնխոսկոպիա, թորակոսկոպիա, պլեւրալ պունկցիա, թորակոցենտեզ եւ պլեւրալ խոռոչի դրենավորում:
Կրծքավանդակի (թորակալ) վիրաբուժության ծառայությունը՝ նորագույն սարքավորումներով, իրականացնում է նեղ մասնագիտացված օգնություն կրծքավանդակի օրգանների հիվանդությունների ժամանակ:
«Այս ծառայության ներմուծումը Գյումրի բժշկական կենտրոնում հնարավորություն է տալիս կրճատել ծանր հիվանդների տեղափոխումը մայրաքաղաք, ինչի շնորհիվ ժամանակ չկորցնելով հնարավոր է լինում հիվանդին անհապաղ համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերել»,-նշեց Նարեկ Կիրակոսյանը:
Ծառայությունը Գյումրի ԲԿ-ում իրականացնում է երիտասարդ մասնագետ Սերգեյ Մատիկյանը:
Արմենուհի Մխոյան