Բարզանին կոչ է արել Էրդողանին ազատ արձակել քրդամետ կուսակցության պատգամավորներին
ՄիջազգայինՀյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանին կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազատ արձակել երկրի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներին ու մյուս պատգամավորներին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken լրատվամիջոցը:
«Հաշտեցման գործընթացի համար անհրաժեշտ է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեն»,- ասել է Բարզանին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 11 պատգամավոր ձերբակալվել, ապա կալանավորվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: