ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանին
SocietyՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ալբերտ Մկրտչյանին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է.
«Այն ֆիլմերը, որոնց ռեժիսորը, սցենարի հեղինակը Դուք եք, աչքի են ընկնում յուրահատուկ լուծումներով, նուրբ հոգեբանությամբ ու դերասանական տպավորիչ կազմով եւ հանդիսատեսի կողմից գնահատվում են արժանիորեն: Դրանք գալիս են մարդկանցից եւ գնում դեպի մարդիկ, ծնվել են զգացմունքներից ու զգացմունքներ են առաջացնում, սերմանում են սեր գեղեցիկի ու արվեստի հանդեպ:
«Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս»-ը, «Խոշոր շահում»-ը եւ մյուս իսկապես մնայուն ֆիլմերը դիտել են ու շարունակում են դիտել բազմաթիվ մարդիկ՝ անկախ տարիքից»:
Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, արեւշատություն եւ ամենայն բարիք: