Անանուխի օգտակար հատկություններ մասին
LifestyleOrer.am-ը ստորև Ձեր ուշադրությանն է ներկայացնում անանուխի օգտակար հատկությունները:
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները: Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով: Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է 4 - 6, տերևներում՝ 2.4 - 2.75, իսկ ցողուններում՝ մինչև 0.3 տոկոս։ Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով` թրման եղանակով։ Նրա հիմնական մասը (41 - 65%) երկրորդային սպիրտ մենթոլ է։ Բույսում կան նաև մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ արժեքավոր նյութեր։
Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը: Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը: Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում:
Մխիթար Հերացին բույսը օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում: Անանուխը նաև օգտագործվում է սննդի մեջ: Այն ավելացնում են կարկանդակներին, աղցաններին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին: Մրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում: Անանուխի հյութը կարտոֆիլի հյութի հետ մեկտեղ հիանալի միջոց է ստամոքսի բարձր թթվայնության հետեւանքով առաջացած այրոցի դեմ: Իսկ ահա անանուխի սպիրտային լուծույթի 20 կաթիլը եթե լուծեք 1 բաժակ սառը ջրի մեջ ու խմեք առավոտյան, լավ կթեթեւանաք նախորդ օրվա գինարբուքից հետո: Նանայով համեմում են շատ ըմպելիքներ եւ սննդատեսակներ: