Ռումինիայի Հայոց Թեմում տեղի ունեցան Սումգայիթյան ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ
ՀասարակությունԲուխարեստում և Ռումինիայի Հայոց Թեմի մյուս հայաշատ քաղաքներում ի հիշատակ Սումգայիթյան ջարքերի 29-րդ տարելիցի փետրվարի 26-ին հավարտ կիրակնօրյա Ս. Պատարագի տեղի ունեցան հոգեհանգստյան արարողություններ:
Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Եկեղեցում, հանդիսապետությամբ Թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի, մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին նաև Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում ՀՀ հյուպատոս Աշոտ Գրիգորյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հավատացյալներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի Հայոց Թեմից, Սրբազան Հայրն իր քարոզում մեկ անգամ ևս հիշեցրեց ներկա հավատավոր բազմությանը Սումգայիթյան դաժան ու անմարդկային իրադարձությունների մասին՝ մասնավորապես նշելով. «Այս ամենից 29 տարի է անցել, բայց ջարդերը չեն արժանացել համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականի և այդպես էլ չեն բացահայտվել հանցագործությունների արմատները: Այն, ինչ հայ ազգաբնակչության հետ Սումգայիթում կատարվել է 1988թ. և դրանից հետո, ցեղասպանություն է: Կատարվել է մի ոճրագործություն, որը նպատակաուղղված էր Ա դրբեջանում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների բնաջնջմանը: Սումգայիթի նախճիրը դարձավ հայերի՝ Հայաստանի հետ միանալու ցանկության պատասխանը, որի հիմնական նպատակն էր խանգարել հիմնախնդրի հնարավոր լուծմանը, Լեռնային Ղարաբաղի հայերին վախեցնել նոր արյունահեղութուններով և ստիպել նրանց, որպեսզի հրաժարվեն ազատագրական շարժումից:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակի առջև և համոզմունք հայտնում, որ մեր ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները և ոճրագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից: Անպատժելիությունն ու միջազգային դատապարտման բացակայությունը ժամանակակից պայմաններում բերում են նոր ջարդերի և բռնությունների, որի ականատեսներն ենք այսօր»:
Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Հոգեհանգստյան պաշտոն բոլոր նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև:
Հոգեհանգստյան կարգեր ու միջոցառումներ տեղի ունեցան նաև Կոնստանցայում, Սուչավայում, Ֆոկշանում և մյուս քաղաքներում: