Ադրբեջանը հակադրվում է միջազգային հանրությանը և դառնում վտանգավոր ու անկանխատեսելի երկիր. Սամվել Ֆարմանյան
ПолитикаՎերջին շրջանում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը հուշում են, որ այդ երկիրը ոչ միայն բացահայտ հակադրվում է միջազգային հանրությանը, այլ նաև դառնում է վտանգավոր և անկանխատեսելի: Ազգային ժողովի նիստի մեկնարկին այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Դրա վառ ապացույցը շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ֆարմանյանը:
Պատգամավորը նաև մտահոգություն հայտնեց Ադրբեջանի գործողություններին միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը: «Մասնավորապես, մտահոգիչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը: Այն դեպքում, երբ հայկական կողմը հստակ ապացույցներ էր ներկայացրել, թե որ կողմն է լարվածություն հրահրել և դիվերսիոն ներթափանցման փորձեր ձեռնարկել, Մինսկի խմբի համանախագահները տարածեցին հերթական ոչինչ չասող, հավասարակշռված և Ադրբեջանի քայլերին ոչ համարժեք հայտարարությունը: Ես կարծում եմ, որ մենք պետք է միջազգային հանրությանը և, մ ասնավորապես, Մինսկի խմբի համանախագահներին հասցնենք այն պարզ ճշմարտությունը, որ նման ոչինչ չասող հայտարարություններն Ադրբեջանը միայն որպես ծխածածկույթ է օգտագործում իր սադրիչ գործողությունները շարունակելու համար»,- եզրափակեց Ֆարմանյանը: