Էդուարդ Շարմազանովը հակադարձում է Կարեն Կարապետյանին
ПолитикаՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտնած այն կարծիքին, թե ՀՀԿ-ից այս պահին հանրության շրջանում կան դժգոհություններ, ինչը կազդի ընտրություններում ձայներ հավաքելու վրա, ասաց. «Հանրապետական լինելը չի կարող խանգարել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորներին` ձայներ հավաքել։ Այս պահին ՀՀԿ-ն առաջատար քաղաքական ուժն է: 13 ընտրատարածքներում էլ ունենք ներկայանալի ցուցակ, որից ընտրողները կարող են իրենց համար ավելի նախընտրելի թեկնածուին ընտրել։ Յուրաքանչյուր թեկնածուի համար պետք է պատիվ լինի ՀՀԿ ցուցակով առաջադրվելը», - ասաց Շարմազանովը։
Անդրադառնալով նաեւ Կ. Կարապետյանի արտահայտած այն մտքին, որ ռեյտինգային ընտրակարգն իր կողմից ընդունելի չէ, նա նշեց. «Պարոն Կարապետյանն ունի իր կարծիքը եւ ոչ միայն պարոն Կարապետյանը. բոլոր գործիչներն ունեն իրենց կարծիքները, մենք էլ՝ մերը։ Քննարկել ենք եւ փոխզիջումների արդյունքում եկել ենք համաձայնության»:
Իսկ ՀՀԿ պատգամավորի այն դիտարկմանը, որ ռեյտինգային ընտրակարգը ժողովրդին, ի վերջո, իրար դեմ է հանելու եւ լարված իրավիճակ ստեղծելու, այսպես արձագանքեց. «Մեր կուսակցությունը երբեք չի ասել, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր չէ, չկան խնդիրներ, բայց ՀՀԿ-ն այն ուժն է, որն այդ խնդիրները լավագույնս կարող է լուծել»: