Վենետիկյան հանձնաժողովը մտահոգված է Թուրքիայի սահմանադրական հանրաքվեով
ՄիջազգայինԵվրոպայի խորհրդի սահմանադրական օրենքի փորձագետները՝ Վենետիկի հանձնաժողովը պատրաստել է զեկույց Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որտեղ իր մտահոգությունն է հայտնում ավտորիտար ռեժիմի հաստատման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle գործակալությունը:
Գերմանական Suddeutsche Zeitung պարբերականում հրապարակված Վենետիկյան հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ Թուրքիայում «ժողովրդավարական համակարգը դրամատիկ կերպով հետընթաց է ապրել, իսկ ավտորիտար, մեկ-մարդու ռեժիմը շարունակվում է»: Բացի այն, հանձնաժողովի անդամները փաստել են, որ Թուրքիայում բացակայում են բոլոր մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են ավտորիտար ռեժիմը կանխելու նպատակով:
Վենետիկյան հանձնաժողովն արձանագրել է, որ Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխություններով դատական համակարգը, որն առանց այն էլ կորցրել է իր ուժը, նախագահական համակարգի հաստատվելուց հետո ամբողջությամբ կկորցնի իր անկախությունը: Հանձնաժողովը քննադատել է նաև այն, որ փոփոխությունները Թուրքիայում իրականացվելու են ձախողված հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում:
Կառույցը պաշտոնական Անկարային կոչ է արել հետաձգել սահմանադրական հանրաքվեն, քանի դեռ երկրում արտակարգ դրություն է հայտարարված:
Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:
Մեջլիսի և նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետև կարող է լինել կուսակցական: