Կառավարությունը գիտի ինչպես զսպել ոչ բնական ճանապարհով գերիշխող դիրք ստացած տնտեսվարողների ախորժակը. ՀՀ վարչապետ
ՀասարակությունԿառավարությունը պայքարելու հստակ մեխանիզմներ ունի այն տնտեսվարողների դեմ, ովքեր ոչ բնական ճանապարհով գերիշխող դիրք են ստանում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին:
«Ես արդեն խոսել եմ նրա մասին, որ կան բնական և ոչ բնական մենաշնորհներ: Հայաստանի շուկան այնքան փոքր է, որ հավանականություն կա, որ ինչ-որ մեկը հայտնվի գերիշխող դիրքում: Եթե տնտեսվարողը գերիշխող դիրքում է հայտնվել մրցակցության արդյունքում, դա բնական է, իսկ եթե նա դրան հասել է վարչական ռեսուրսի կիրառման շնորհիվ, դա անօրինական է»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Նա վստահեցրեց, որ կառավարությունը գիտի, թե ինչպես կարելի է զսպել այն տնտեսվարողների ախորժակը, ովքեր անօրինական ճանապարհով գերիշխող դիրք են զբաղեցնում: