Ես չեմ համարել նպատակահարմար շարունակել իմ աշխատանքն օրենսդիր մարմնում. Դավիթ Հարությունյան
ՔաղաքականԱյսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, խոսելով Ընտրական օրենսգրքի կետերի ընթացակարգային խնդիրների վերաբերյալ, պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ ապագայում վերանայվի այս ընտրակարգը, պատասխանեց. «Ոչինչ աշխարհում չի կարելի բացառել, բայց այս պահին դրա համար որևէ հիմք չեմ տեսնում»:
Այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ականների մոտ կարծես միտում կա, որ վարկանիշային ցուցակներով առաջադրվածները փորձում են ամեն ինչ անել, միայն թե կուսակցության համար ձայն բերեն, նախարարն արձագանքեց. «Ամենևին խնդիր չի դրված, որ «Հանրապետականի» թեկնածուները միմյանց դեմ կիրառեն ոչ ընդունելի մեթոդներ: Դա գալիս է, միգուցե, որոշակի բացասական երևույթներից, բայց դա չի կարող դառնալ նորմ»:
Իսկ այն դիտարկմանը, որ ինքը չկա ցուցակում, Դ. Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ համարել նպատակահարմար շարունակել իմ աշխատանքն օրենսդիր մարմնում»: Իսկ գործադիր աշխատանքը շարունակելու վերաբերյալ նա շեշտեց. «Գործադիրը ձևավորվում է մինչև հերթական համագումարը, որը կարող է վերընտրել գործադիր մարմնի անդամներին»:
Նա նաև հայտարարեց՝ որևէ ցանկություն չկա վերադառնալ նախկին պաշտոնին:
Հարցին՝ արդյոք կմասնակցի քարոզարշավին, Դ. Հարությունյանն արձագանքեց. «Ըստ անհրաժեշտության, այո՛: Այս պահին ես դեռևս չեմ մասնակցում նախընտրական քարոզչությանը»: