ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային չսրել իրավիճակն Էգեյան ծովում
ՄիջազգայինԱմերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային կոչ են արել մեղմել դիրքորոշումը և նվազեցնել Հունաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին Էգեյան ծովի հատվածում կատարվող գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
ԱՄՆ-ն նշել է նաև, որ Հունաստանի և Թուրքիայի միջև եղած հակասությունները կարող են հանգեցնել վտանգավոր հետևանքների:
Թուրք-հունական հարաբերությունները վերջին շրջանում լարված փուլ են թևակոխել:
Թուրք-հունական հարաբերությունների լարման պատճառ է հանդիսացել Հունական դատարանի կողմից 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող և Հունաստան փախած 8 զինվորականներին Թուրքիային արտահանձնելու պահանջի մերժումը:
Դրանից հետո Թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է թուրք-հունական օդային և ջրային սահմանները:
Թուրքիայի կառավարությանը սադրանքներից զերծ մնալու կոչ է արել նաև Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:
2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:
Թուրքիայի կառավարությունում համոզված են, որ հեղաշրջման ոգեշնչողները դարձել են Թայիփ Էրդողանին ընդդիմադիր չափավոր իսլամի «Հիզմեթ» շարժման կողմնակիցները, որոնք կապված է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ:
Հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը: