Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողին ուզում են արտաքսել Մալայզիայից
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի միակ քաղաքացի Լի Չեն Չխոլը, որին մալայզիական ոստիկանությունը ձերբակալել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործով, կարող է արտաքսվել երկրից, առանց մեղադրանք առաջադրելու։ Այս մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, փոխանցում է Channel NewsAsia–ն։
Լի Չեն Չխոլը, որը համակարգչային տեխնոլոգիաների ինժեներ է աշխատում, կալանավորվել է փետրվարի 17-ին։ Նրա նախնական կալանքի ժամկետը սպառվում է մարտի 3-ին։
Աղբյուրի խոսքով, հայտնի չէ, թե ինչու նրա դեմ որեւէ մեղադրանք չի առաջադրվել։ Քննության վարկածով Լին եղել է Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողների վարորդը։
Մարտի 1-ին Մայալզիայում Կիմ Չեն Նամի սպանության համար մեղադրանք է առաջադրվել երկու կանանց։ Նրանք իրենց մեղավորությունը չեն ընդունել։ Ընդամենը 4 մարդ է ձերբակալվել։ Ոստիկանությունը որոնում է եւս չորսին։ Իրավապահները ենթադրում են, որ նրանք երկրից մեկնել են Փհենյան։ Այս կապակցությամբ ոստիկանությունը Ինտերպոլին հարցում է ուղարկել նրանց հանդեպ միջազգային խուզարկում հայտարարելու համար։