«Հաց բերողը» հրաժարվել է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց. ՔԿՎ
Հասարակություն«Հաց բերողը»՝ Արթուր Սարգսյանը, փետրվարի 10-ից «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվելով հացադուլի մեջ, հրաժարվում է նաեւ առհասարակ որեւէ տեսակի բժշկական օգնություն ստանալուց: Այդ մասին ասվում է Քրեակատարողական ծառայության պարզաբանման մեջ:
«Հիմնարկի թե վարչակազմի եւ թե համապատասխան մասնագետների, ինչպես նաեւ իր փաստաբանների հորդորները հացադուլը դադարեցնելու եւ պատշաճ բուժօգնություն ստանալու վերաբերյալ մշտապես մնացել են անպատասխան։
Սպառելով Ա. Սարգսյանին բուժօգնություն տրամադրելու հնարավորություն ունենալու բոլոր եղանակները՝ այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հրավիրվել է շտապ բուժօգնության խումբ՝ վերջինիս քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու եւ նրա առողջական վիճակի մասին հավելյալ տեղեկատվություն ունենալու, ապա անհրաժեշտության եւ հնարավորության դեպքում նաեւ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու նկատառումով։
Ա. Սարգսյանը սակայն հիմնարկի վարչակազմի, համապատասխան մասնագետների, իր փաստաբանների եւ շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ հրաժարվել է ինչպես քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց, այնպես էլ վերջիններիս կողմից իրականացվող որեւէ բժշկական գործողությունից, ինչի վերաբերյալ կան համապատասխան արձանագրություններ։
Հավելենք, որ այս պահի դրությամբ Ա. Սարգսյանն ունի սթափ գիտակցություն եւ հստակ խոսք»,- ասվում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի հաղորդագրության մեջ: