ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը քարոզարշավի գործողությունների ծրագրերը համարում է լոզունգային
ПолитикаԱզգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը, ով առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված չէ որևէ կուսակցությունում, համարում է, որ քարոզարշավների ընթացքում քաղաքական ուժերի ներկայացրած գաղափարները շատ լոզունգային են և չեն ներկայացնում գործողությունների կոնկրետ ծրագիրը: Արմենպրեսի հաղորդմամբ՝ մարտի 10-ին կայացած ասուլիսին այս տեսակետն արտահայտեց ինքը՝ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Խորհրդարանական մեթոդի կառավարումը պահանջում է, որ բոլոր քաղաքական ուժերը հանրությանը ներկայացնեն, թե ինչ թիմերով ինչ գործողություններ են կատարելու, ինչ փոփոխություններ կարող են իրականացնել առնվազն հինգ տարվա ընթացքում: Սակայն ներկայացրած գործողությունների ծրագրերը շատ լոզունգային են, չեն բացատրում, օրինակ, թե փոփոխությունն իրենից ինչ է ներկայացնում, ինչ կոնկրետ քայլեր են իրականացվելու: Հանգամանորեն չեն ներկայացնում նաև, թե շատ կարևոր հարցերի համար ինչ քաղաքականություն պետք է իրականացնեն: Օրինակ՝ ինչ քայլեր են իրականացնելու արցախյան հիմնախնդրի հետ կապված, արդյոք ունե՞ն կանխատեսումներ, թե ինչպիսին կլինի Ադրբեջանի վարքագիծը: Դժվար է հասկանալ նաև, թե որևէ քաղաքական ուժի իշխանության գալուց հետո ով կլինի որևէ քաղաքական ոլորտի պատասխանատուն: Այս քարոզարշավում ևս կրկնվում են նախկին քարոզարշավների մոտեցումները»,- ասաց Թևան Պողոսյանը:
Թևան Պողոսյանի կարծիքով՝ քաղաքական ուժերը իրենց առջև ավելի շատ համեմատական քննադատության խնդիր են դրել: Ցանկալի կլիներ, որ ոչ թե այլ քաղաքական ուժի հետ իրենց համեմատությունը ներկայացնեին, այլ ասեին՝ իրենց թիմն ինչ է պատրաստվում անել հունիսի 1-ից մինչև 2022 թվականի մայիսի 3-ը:
«Մենք ծերացող ազգ ենք, և պետք է նպաստենք ծնելիության զարգացմանը: Դրա համար կան շատ ռադիկալ խնդիրներ, բայց որևէ մեկն այդ մասին չի խոսում: Քաղաքական ուժերի կողմից կրթական, առողջապահական, գյուղատնտեսական, ժողովրդագրական, մշակութային ոլորտին անդրադարձեր կամ չկան, կամ դրանք շատ լոզունգային են»,-ասաց Թևան Պողոսյանն ու ավելացրեց, որ, այնուամենայնիվ, կան նաև ուրախալի փաստեր՝ տեղի է ունենում սերնդափոխություն, ավելացել են երիտասարդ քաղաքական ուժերը, գործիչները:
Պատգամավորը հույս հայտնեց, որ դեռ ժամանակ կա, և ինքն ուրախ կլինի տեսնել դրական փոփոխություններ քարոզարշավի ընթացքում և վերջում խորհուրդ տվեց ընտրողներին.
«Դուք եք երաժշտություն պատվիրողը, իսկ պատվիրելու համար պատրաստ եղեք վճարել ձեր ձայնով, ոչ թե գումարով: Մի կաշկանդվեք բարձրաձայնել ձեր շահերի մասին, պահանջել ձեզ հուզող խնդիրների լուծման եղանակները»: